168.am-ը գրում է.

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը տաս տարի աշխատանքի արդյունք է:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: Նա շեշտել է, որ 1998թ-­ի մայիսի 29­-ից ի վեր, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է «1915թ-­ի Հայոց ցեղասպանությանը հրապարակայնորեն ճանաչելու» մասին սկզբունքը, աշխատանք է տարվել «մարդկային արժանապատվության այդ հարցի առնչությամբ»:

Բուայեն ներկայացրել է նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ժխտման քրեականացմանն ուղղված քայլերի պատմությունը: «Մեր երկարատև աշխատանքն իզուր չի անցել: Ուրախ և հպարտ եմ տեսնել, որ բազմաթիվ խորհրդարանականների, միավորումների ու հայտնի իրավաբանների հետ ժխտողականության դեմ մեր պայքարը հստակեցվել է իմ գործընկերների, մասնավորապես, սենատորներ Ժան­Կլոդ Գոդենի և Բրունո Գիյեի շնորհիվ»,-­ ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը:

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14­-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիության» օրենքում փոփոխություններին, որոնք պատիժ են սահմանում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Օրինագծում փոփոխությունները հնարավոր է վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում, եթե համապատասխան դիմում տակ ստորագրեն Ֆրանսիայի խորհրդարանի 60 պատգամավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել