Էս էն ժամն է, երբ մի մարդ, իր ժողովրդի կյանքը մի քանի տասնամյակ քննելուց հետո, այսօր շշմած ասում է՝ ա՛յ քեզ ժողովուրդ, ա՛յ քեզ գիտակցություն… Բոլորը կարծում էին, ժողովուրդն էլ էր կարծում, թե ինքը ճորտացել է, խեղճացել է, հույս չկա… Բայց էս ժողովուրդը ելել է իր Թլոր Դավթի նման, և ձենն աշխարհ է բռնել. «Ձըր պապու պառեկ մլի՜մ, հորի գինաք մեռուկ ի՜՞մ…»:

Հիմա էս ժողովրդին ի՞նչ տանք, որ նրան արժանի լինի… Որ իր երազած պետությունն ունենա: Մի քիչ առաջ Րաֆֆին իր կին զինակցի մասին ասաց. «…մեր ապագա նախարարը»: Ասել է թե՝ կրթության նախարարը: Ո՞րն է լինելու, ազնիվ տիկին, քո ստեղծած ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ - պիտի հարցնենք: Մի քանի րոպե անց Րաֆֆին իր թիմ ընդունեց մի հայտնի գործչի – նրան էլ ողջույն տանք ու ասենք. տաղանդավոր ու խոսքաշեն ես, ազատության ջատագով ես, բայց թերթդ էս քանի՛ տարի հայ «աստղերի» կյանքն է լուսաբանում – և եթե Րաֆֆու հետ իշխանության գաս՝ ի՞նչ առնչություն կունենաս ՀԱՅ ՄԵԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ զորացման նպատակի հետ… Պիտի հարցնենք:

Ասածս ի՞նչ է, ի՞նչ եմ ուզում ասել ոտքի ելած՝ մեր մտավոր և քաղաքական դասին, Րաֆֆի Հովհաննիսյանին: ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՈՂՆԵՐ և ապագա կառավարիչներ հավաքելը պետք է, անկասկած: Բայց իշխանություն վերցնելը և Նոր Հայաստան կերտելը ՏԱՐԲԵ՜Ր գործեր են... Եվ գլխավոր նպատակը՝ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ բերելն է, պետության հիմքում այն դնելն է, դրանով Հային ու Հայությանը զորացնելն է… Արժեհամակարգ և Էթիկա – սրանո՜վ կհաթենք:

Ասածս էս էր… Թե չէ՝ մեկ էլ տեսար մեր Ծուռի աչքին դուր չեկանք, և մեր լեռնաշխարհի վրա նորից որոտաց նրա ձայնը. «Ձըր պապու պառե՜կ…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել