Image result for հապկԱյսօր կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի գլխավոր ինտրիգը Ղազախստանի նախագահի՝ հայաստանյան այցից խուսափելն էր առողջական խնդիրների պատրվակով։ Այս ամենին զուգահեռ՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե ՀԱՊԿ-ն Բորդյուժայի վերջին հայտարարություններից հետո, այն է՝ ներկա տարածաշրջանային իրողությունների պայմաններում պետք է ավելի ամրապնդի իր ռազմաքաղաքական դիրքերը, կարող է աստիճանաբար դառնալ ՆԱՏՕ-ին հակակշռող կառույց։
Նախ այն, որ կառույցի ազդեցիկ անդամներից Ղազախստանի ղեկավարը՝ նույնիսկ շրջանցում է ռազմաքաղաքական դաշինք կոչվող այս կառույցի նիստերը և կառույցի անդամ Հայաստանի ռազմաքաղաքական շահերը համարում է անընդունելի՝ հանուն մեկ այլ երրորդ երկրի, որը նույնիսկ այս կառույցի մեջ չէ, արդեն խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն առնվազն բնական շահերի հիման վրա ստեղծված միություն չէ, և այստեղ գտնվող փոքրաթիվ երկրները միմյանց ինչ-որ տեղ քաղաքական հակառակորդներ են համարում։
Չգիտեմ՝ որքանով է նման կառույցը կենսունակ և որքանով այն կարող է նման պայմաններում հաղթահարել ռազմաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ, էլ չեմ խոսում ՆԱՏՕ-ի պես հզոր ու կազմակերպված ռազմական դաշինքին հակակշիռ դառնալու հավակնությունների մասին։ Իհարկե, ՆԱՏՕ-ում էլ կան ճեղքեր, բայց այնսպիս դարավոր թշնամիներ, ինչպիսին Թուրքիան և Հունաստանն են, դաշինքի կանոնադրական նիստերի ընթացքում գոնե քաղաքական կոռեկտություն և հարգանք են ցույց տալիս միմյանց նկատմամբ։
Հ.Գ. Հատկապես Արցախյան հարցի կարգավորման առումով այս դաշինքի վրա հույս դնելը նույնիսկ ծիծաղելի է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել