Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Պարսից ծոցի երկրների հետ քննարկել է ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու հարցը: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի խոսքով՝ դրանց նպատակն է ակտիվացնել առևտրային ու տնտեսական կապերը:
Թուրքիան խորացնում է կապերը Ծոցի միապետությունների հետ, որոնք լուրջ հակասություններ ունեն և համարվում են Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդները: Ինչպես գիտենք, Ծոցի երկրներում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները, իսկ Անկարան էլ իր հերթին Քաթարում իր ռազմաբազան է կառուցում: Ծոցի երկրները՝ Քաթարը, Սաուդյան Արաբիան, մյուս կողմից էլ՝ Թուրքիան՝ սիրիական դաշտում, Իրաքում, իսկ Ծոցի երկրներն ու Իրանը նաև Եմենում proxy war են վարում միմյանց դեմ՝ Անկարան ու Էռ-Ռիյադը ցանկանում են ճեղքել, խզել շիայական առանցքը, որը ձգվում է Իրանից մինչև Լիբանան՝ Արաբական թերակղզում էլ՝ Բահրեյնից մինչև Եմեն:
Ծոցի երկրներն ու Անկարան հակաիրանական կոալիցիա են ձևավորում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ ու լուռ համաձայնությամբ, որպեսզի զսպեն իրանական ազդեցության ավելացումը, արգելակեն շիայական գարունը Ծոցի երկրներում ու ամեն գնով տապալեն Ասադի ռեժիմն ու մսխեն Հզբոլահի ուժերը սիրիական անապատներում, որպեսզի Լիբանանում նույնպես իշխանության բերեն սունիական ուժերին: Շիայական առանցքի խզման համար թուրքական զորքերը մտնում են Իրաք, քրդերի դեմ պայքարելու, նաև իրանամետ Ասադին թուլացնելու համար մուտք են գործում Սիրիայի հյուսիս, ինչպես նաև Անկարան հարաբերություններ է վերականգնում Իրանի թիվ մեկ տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ:
Նշենք, որ Անկարան ու Թել-Ավիվը պայմանավորվել են տասն օրվա ընթացքում դեսպաններ փոխանակել, վերականգնել դիվանագիտական հարաբերություններն ու սկսում են նոր որակի հարաբերություններ կառուցել: Այսպես, Իսրայելի էներգետիկայի նախարարն իր թուրք գործընկերոջ հետ քննարկում է գազամուղի շինարարության հարցը, որի օգնությամբ իսրայելական գազը կառաքվի Թուրքիա, այնտեղից առկա ենթակառուցվածքներով դեպի ԵՄ շուկաներ:
Չպետք է մոռանալ, որ Թուրքիան ու Իսրայելը Հարավային Կովկասում ամրապնդում են Ադրբեջանին տնտեսական և ռազմական ներուժն, այդ թվում՝ Իրանի դեմ հակակշիռ ստեղծող ու հակաիրանական կոալիցիա ընդգրկելու համար, չնայած Բաքուն զգուշանում է բացահայտ հանդես գալ հզոր Իրանի դեմ։ Սահմանակցելով այդպիսի երկրի հետ Ադրբեջանը ցանկանում է խորացնել էներգետիկ-տրանսպորտային կապերը՝ չմոռանալով ժամանակ առ ժամանակ անհիմն հայտարարություններ անել Իրանի հյուսիսային շրջանների մասով՝ դրանք անվանելով Հարավային Ադրբեջան՝ պանթուրքիստական ու պանթուրքական ուղենիշների ներքո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել