Անկախությունից ի վեր՝ Հայաստանում ընտրական գործընթացների ապականման կարևոր օղակ են կազմել այսպես կոչված գողականները, թաղի խուժանը, որոնք քաղաքականություն են բերվել նորանկախ Հայաստանի հենց առաջին նախագահի ձեռքով, և մինչ աշխարհի մեծ մասում գողականները և պետությունը գտնվում են հակամարտող ճակատներում, Հայաստանում իշխանության քաղաքական հենքը հենց գողականն է արդեն 25 տարի։
ՏԻՄ ընտրություններում այս՝ գողական կամ քրեական տարրեր-իշխող կուսակցություն համագործակցության մեխանիզմը նույնպես աշխատեց։ Այս գործընթացում, սակայն, «փչանում» են որքան իշխանությունները, նույնքան էլ քրեական հեղինակությունները, որոնք դադարում են հեղինակություն լինելուց կամ ազդեցություն ունենալուց ինչ-ինչ օղակների վրա այն պահից, երբ մտնում են համագործակցության մեջ իշխանության հետ։ Իսկ իշխանությունն այս գողական-գողական խաղացողներին միշտ կարող է պատին դեմ տալ՝ առնվազն նրանց կանգնեցնելով քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի սպառնալիքի առջև։
Մի այսպիսի «գողականիկ» էր նաև ՕԵԿ-ի կողմից առաջադրված վանաձորցի Ական, որը ծեծի էր ենթարկել Ավետարանական եկեղեցու ղեկավարին։ Արկադիկը, որն իրեն գողական էր երևակայում, իրականում երևի նորմալ ծանոթ չլինելով էլ գողականի վարքին և արժեհամակարգին՝ որպես թաղային հեղինակություն՝ փչացավ այս ՏԻՄ ընտրություններում, երբ ստիպված եղավ քաղաքապետի ընտրության ժամանակ իր ձայնը ծախել ՀՀԿ-ին, որպեսզի ճաղերի հետևում չհայտնվի ավետարանականների քարոզչին ծեծելու համար։ Եթե Արկադիկն իսկապես իր երազած տղան էր, մի սովորական ծեծի համար կարո՞ղ էր վախենալ արդյոք իրապահների ուշադրության կենտրոնում հայտնվելուց, ստացվում է, որ ինքն այնքան չկա, որ, որպես քրեական հեղինակություն, օրենք խախտի, բայց անպատիժ մնա։
Հ.Գ. Էլ դու ի՞նչ գողական ես, որ երկու ամիս բերդում նստելուց վախեցար ու արժանապատվությունդ ծախեցիր։
Հ.Գ. ՀՀԿ-ն ցանկացած պահի կարող է ապրանքի պես շահագործել Արկադիկի պես գողականիկներին՝ իրենց անցյալն ու խուլիգանություններն այս մանրապճեղների դեմը դնելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել