Hetq.am-ը գրում է.

«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի  քանակ:

Նույն նմուշներից 6-ի փորձաքննությունն  ամիսներ առաջ իրականացրել է նաև Հանրային  հեռուստատեսությունը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աջակցությամբ հեռարձակվող «Համի որակը» հաղորդման ժամանակ, և ստացել բոլորովին այլ պատկեր։

Օգտակար և անվտանգ կաթնաշոռը

Կաթնաշոռը կաթնաթվային սննդամթերք է, որի բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ամինաթթուներ (սպիտակուցներ), վիտամիններ (A, C, D և B խմբի տարրեր), ֆոլաթթու, երկաթ, կալցիում, պղինձ, մագնեզիում, նատրիում, ֆտոր, ցինկ և  ֆոսֆոր։

Ցածր յուղայնությամբ կաթնաշոռը համարվում է դիետիկ սննդամթերք և օգտագործվում է մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։

Գոյություն ունեն մի շարք նորմեր և որոշումներ, որոնցով սահմանված են կաթնամթերքի արտադրության ու անվտանգության չափանիշները: Մասնավորապես՝  Կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքում խմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկբորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից  ոչ ավելի: Տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է (96-144 ժամ):

Սահմանված նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է և կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։
Օրինակ՝ կաթնաշոռում խմորասնկերի և բորոբոսասնկերի  նորմայից ավել լինելը վկայում է արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։ Դրանց շեղումը կարող է  նաև նշանակել, որ կաթնաշոռը պատրաստված է  երկրորդական հումքի վերամշակումից  (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն)։

Մաքսային միության տեխնիկական կանոնանակարգի (ՄՄ ՏԿ 033/2013)` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին»  նորմատիվ փաստաթղթերի համաձայն՝ կաթնաշոռում կաթնաթթվային մանրէները պետք է լինեն >106  ԳԱՄ/գ-ից։

Եթե կաթնաշոռում դրանք նորմայից ցածր են, ապա արտադրության սկզբնական փուլում տվյալ մթերքում տիտրը (մանրէնէրի քանակը) սխալ է պահպանվել, ինչպես նաև՝ խախտվել են մթերքի պահպանման պայմանները։

Աղիքային ցուպիկի առկայությունը ցանկացած մթերքում անթույլատրելի է. այն հանդիսանում է մի շարք հիվանդությունների հարուցիչ և վկայում է արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի խախտման մասին։

Փորձաքննության համար ընտրվել է տեղական արտադրության 7 կաթնաշոռ։

Նախքան փորձաքննության հանձնելը, կաթնաշոռերի պիտակները փակվել և համարակալվել են, լաբորատորիա են հանձնվել zip փակվող տոպրակներով։
Բոլոր նմուշները կաթնաշոռերը եղել են ժամկետի մեջ, արտադրողի փաթեթը վնասված չի եղել։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրած «Մարիաննա»  0.5 % յուղայնությամբ կաթնաշոռը:

Բաղադրության մակնշման մեջ արտադրողը նշում է, որ «կաթնաթթվային մանրէների քանակը պիտանիության ժամկետի ավարտին ոչ պակաս 1x 106  ԳԱՄ/գ» : Փորձաքննությամբ հաստատվել է, որ կաթնաթթվային մանրէները  «Մարիաննա» յուղազերծ կաթնաշոռում նորմայի սահմաններում  են:

Սակայն դրա մեջ եղել է խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. խմորասնկերը սահմանված նորման  գերազանցել են 5, իսկ բորբոսասնկերը՝ 7 անգամ:
Ըստ այդմ՝ այս նմուշը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նորմերով սահմանված ՄՄ ՏԿ 033/2013Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին») և ՄՄ ՏԿ 021/2011( «Սննդային արտադրանքի անվտանգության մասին») պահանջներին:

Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ՍՊԸ-ի յուղազրկված կաթնաշոռը:
Մակնշման մեջ նշված է, որ այն պատրաստվում է արտադրողի կողմից սահմանված տեխնիկական պահանջներով (ՀՀ ՏՊ), ՄՄ ՏԿ 033/2013 նորմերին համապատասխան և ունի EAC-ի նշան: Վերջինի առկայությունը վկայում է, որ արտադրանքն անցել է Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված գնահատման բոլոր գործընթացները և կարող է վաճառվել ԵԱՏՄ տարածքում:

Փորձաքննությունից, սակայն, պարզ է դարձել, որ «Թամարա և Անի» ընկերության արտադրած յուղազրկված կաթնաշոռի մեջ կաաղիքային ցուպիկ:

Ավելին, բորբոսասնկերի քանակը նորման գերազանցում է 5,4 անգամ:

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու տոհմային  ԹՏԽ» ԲԲԸ-ի «Արզնի կաթ» 9%-անոց  կաթնաշոռը։ Մակնշման մեջ գրված է, որ կաթնաշոռն արտադրվում է սեփական տեխնիկական պահանջներին համապատասխան (ՀՀ ՏՊ 05724990.5792-2009):

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Արզնի կաթ» կաթնաշոռում խմորասնկերը գերազանցում են նորման 4,1 անգամ։ Կաթնաշոռի մեջ  նորմայից  մոտ 2 անգամ  ավելի էր նաև բորբոսասնկերի թիվը։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՆՄՈՒՇ N4

Փորձաքննության ենթարկված չորրորդ նմուշը «Չանախ»  ՍՊԸ-ի կողմից արտադրվող անյուղ (0.6 %) կաթնաշոռն է:
Արտադրողը մակնշման մեջ գրում է, որ  կաթնաշոռում «1գ-ում կաթնաթթվային բակտերիաների քանակը 106 ԳԱՄ-ից ոչ պակաս» է։ Այնինչ, փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի անյուղ կաթնաշոռում կաթնաթթվային մանրէների քանակը 104ԳԱՄ/գ է, ինչը պահանջվածից 100 անգամ ցածր է։
Բացի այդ, կաթնաշոռում խմորասնկերի  քանակը նորման գերազանցում է 6,4 անգամ, իսկ բորբոսասնկերինը՝  մոտ 8 անգամ։

«Չանախ»-ի անյուղ կաթնաշոռը  չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել