Картинки по запросу Արմեն ՍարգսյանՄիանգամից հայցում եմ Վազգեն Սարգսյանի անվան կրոնա-սպարապետական կուլտի հետևորդների ներողամտությունը, բայց, քանի որ տպավորություն կա, որ սկսվել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի լոբբինգը, հարկ եմ համարում հիշեցնել մի շարք նյուանսներ, որոնք աստիճանաբար ջնջվում են ժողովրդի գիտակցությունից ու ջնջվում են այդ թվում նաև՝ վերոնշյալ կրոնա-սպարապետական կուլտի գործունեության արդյունքում։

Չգիտեմ, թե որքանով են հավաստի խոսակցությունները, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է դառնալ Պաշտպանության փոխնախարար, այն էլ՝ մատակարարման գծով, բայց ես դեմ եմ, որ նա ոչ միայն ոչ ավել, ոչ պակաս ՊՆ փոխնախարարի, այլ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնի՝ նույնիսկ ամենաշարքային մակարդակի։ Ընդհանրապես, այս հերոսական շորշոփը, որը տարիներ շարունակ կերտում են Վազգենի անվան շուրջ, «փոշի է դրել» նրա եղբայրների վրա, ու շատ մարդիկ մոռանում էլ են, թե նույն Արմեն Սարգսյանը ժամանակին ինչ «հերոսությունների» համար էր հայտնի։

Նախ, չե՞ք մոռանում, չէ՞, որ Արմենին դատել են, ու նա պատիժ է կրել ազատազրկման վայրերում մարդասպանություն պատվիրելու համար։ Նրա մեղքն ապացուցվել է, ու նրան ոչ ոք չի արդարացրել, պարզապես Սերժ Սարգսյանի որոշմամբ նրան ներում շնորհվեց։ Իսկ դատել էին Տիգրան Նաղդալյանի գործով, և բերեք չմոռանանք, որ ինքը՝ Արմենը, երբեք առանձնապես չի էլ փորձել հերքել իր մեղավորությունը, եթե անգամ մի կողմ ենք դնում ուժի մեջ մտած դատավճռի գոյության փաստը։

Մեկ այլ՝ ոչ պակաս հատկանշական դրվագ․ Վազգենի գովքն անողները հաճախ են սիրում կրկնել մի պատմություն, որը հրաշալի բնութագրում է Արմենին։ Ընդ որում՝ այս պատմությունը պատմվել է նաև հեռուստաեթերով։ Հիշո՞ւմ եք, որ Վազգեն Սարգսյանի՝ կյանքի վերջին ամիսների վճռականությունն ու ռեֆորմները բնութագրելու համար հաճախ հիշում են, թե ինչպես էր նա ստիպել սեփական եղբորը (այո,այո, Արմենին) վերադարձնել բանկից վերցրած վարկը, որը նա համառորեն չէր ցանկանում տալ։ Միշտ էլ մի տեսակ տարօրինակ է եղել, թե ինչպես են նման ցայտուն դետալով փորձում հերոսացնել Վազգենին, երբ նման բեսպրեդել նրա եղբոր կողմից հնարավոր էր դարձել հենց Վազգենի շնորհիվ, բայց այս կոնկրետ թեմայում դա սկզբունքային էլ չէ։ Սկզբունքայինն այն է, որ 90-ականներին Արմեն Սարգսյանը ոչ 1, ոչ էլ 10 նման դրվագներում է աչքի ընկել, և չափազանցություն չի լինի ասելը, որ ալան-թալանի գործում նա մեծ վարպետ է եղել։

Ու հիմա, ինչ էլ ուզում է լինի, չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ, երբ ես կուզենամ նման կասկածելի որակների տեր մարդուն տեսնել պետական կառավարում իրականացնելիս։ Թողեք՝ 90-ականների մտածելակերպով մարդիկ մնան 90-ականներում էլի, պետք չէ ռեինկարնացնել նմաններին, այն էլ՝ ոչ թե իրենց անձնական արժանիքների, այլ սպանված եղբոր հիշատակին հագուրդ տալով։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել