Image result for վանաձոր քաղաքապետ լուսավոր հայաստանՎանաձոր. «սթափ քաղաքականություն» VS «էմոցիաներ»

Տեղական ինքնակառավարման ընտրությունները գործնականում արդյունավետ կառավարչի ընտրություններ պետք է լինեն: Իսկ լավ կառավարիչ լինելու համար կուսակցական պատկանելությունը միշտ չէ, որ առաջնահերթ է: Սակայն մեզ մոտ (օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքերի զորու) այդպես չէ: Մեզանում, ըստ ընտրական նոր օրենսգրքի, կառավարիչն առաջին հերթին կուսակցական է, իսկ ՏԻՄ քաղաքապետի ընտրությունն էլ, փաստորեն, քաղաքական ընտրություն է: Սա մեկ բան է նշանակում, որ քաղաքապետն առաջին հերթին քաղաքական ֆիգուր է, ում ենթադրելի հիմնական դերակատարումը սեփական կուսակցության համար իշխանական ռեսուրս ձեռք բերելն է, գալիք ընտրություններին պատրաստվելն ու երաշխավորված հաղթելը:

Երեկ Վանաձորում քաղաքապետի ընտրություն էր: Հազարավոր խնդիրներ ունեցող քաղաքում, որին առաջին հերթին ոչ թե «կուսակցական փաթեթավորում» է պետք, այլ արդյունավետ կառավարիչ, քաղաքական ընտրություն էր: Ինչ տեղի ունեցավ, բոլորը հավանաբար քաջատեղյակ են. առանց մանրամասնելու նշեմ, որ ավագանու առավել քիչ ձայներ հավաքած թեկնածուն փակ ու գաղտնի քվեարկության արդյունքում դարձավ քաղաքապետ:

Եթե հարցին նայենք քաղաքական ռացիոնալության տեսանկյունից, ապա փաստ է, որ դա նորմալ երևորւյթ է. եթե Հանրապետականը կարողացավ «ընդդիմադիր» ԲՀԿ-ի ու նախկին ՕԵԿ-ի ներկայացուցիչներին «համոզել» քվեարկել իր թեկնածուի օգտին, ապա դա քաղաքական մերօրյա գործընթացների տեսանկյունից նորմալ է: Վերջիններս կարող էին և չհամոզվել, չէ՞։

Եթե հարցին նայենք «բարոյականության» տեսանկյունից (իսկ բարոյականությունը շատ տարբեր է, անհատական ու քաղաքականության մեջ այն այլ՝ «նպատակահարմարություն» բնորոշում ունի), ապա տեղի ունեցածը մեր ազգաբնակչության մի զգալի մասի կարծիքով նորմալ էր:

Այստեղ հիմնական հարցն այն է, որ Վանաձորը մի տեսակ լակմուսի թուղթ էր, ու կուսակցությունները, որոնք մտան այդ խաղի մեջ, փաստորեն, հավատարիմ են տարիներ առաջ որդեգրած իրենց դերերին: Հանրապետականն իր ողջ զինանոցը կիրառելու գնով խնդիր ունի պահել ու պահպանել իշխանությունը ողջ երկրում: Թերևս դա է հենց ցանկացած կուսակցության հիմնական նպատակը: Այստեղ հարցն այն է, թե հանրային ու պետական ինստիտուտների վրա այդ գործընթացների հետևանքերը ինչպիսին են լինում:

ԲՀԿ-ն ու նախկին ՕԵԿ-ը հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենք ամեն տիպի «կառուցողական» առաջարկի կողմնակից են ու քաղաքականության մեջ մեծ հակվածություն ունեն առևտրի: Սա նույնպես նորմալ է, ինչպես մեր երկրում, այնպես էլ ողջ աշխարհում: Քաղաքական ճկունությունը նույնպես քաղաքական դիրքորոշում է: Այս պարագայում հարցն այն է, թե «ճկունության» ու «անսկզբունքայնության» սահմանը որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում: Իսկ սա քաղաքական ճաշակի հարց է:

«Լուսավոր Հայաստան»-ը՝ որպես ընդդիմադիր ուժ, հավանաբար հասկացավ, թե ում հետ էր պետք ճանապարհ գնալ, ում հետ՝ ոչ: Միաժամանակ նա հիմքեր չունի էլ մեղադրելու ԲՀԿ - նախկին ՕԵԿ-ին, քանզի «ճամբարափոխ» ավագանիները կարող են և իր սեփական ընտրացուցակից լինել: Բայց դե սա էլ քաղաքականություն է. ԼՀ-ն հավանաբար ուրիշ տարբերակ չուներ, քան միասնական պայքարը քաղաքապետի պաշտոնի համար:

Մի խոսքով՝ ամեն բան նորմալ է: Ուղղակի այսքան նորմալ վիճակներից հետո ինչու՞ են պետությունը, հասարակությունը, տնտեսությունը, սոցիալ-մշակութային իրողություններն այսքան ոչ նորմալ վիճակում, այ դա է դժվար ասել:

Ու մի դիտարկում էլ. առնվազն անլուրջ ու ծիծաղելի է, երբ պարտություն կրած ուժերը կամ իբր նրանց հարողները նշում են, թե իրենք բոյկոտելու են, ասենք, ավագանու նիստերը... Դրանից ոչինչ չի փոխվի: Եթե այդքան հաստատակամ եք ու հասկացել եք, որ ՏԻՄ ընտրություններն այլևս ՀՀ-ում քաղաքական են, վայր դրեք մանդատները: Ու սա թող լավ դաս լինի բոլորիս համար գալիք պառլամենտական ընտրությունների նախօրեին:

Հ.Գ. Մեզ բոլորիս քաղաքական հասունություն եմ մաղթում՝ չձախողելու պետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել