Картинки по запросу ընտրություններՎանաձորի ավագանու նիստում ավարտվեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ 14 ձայն ստացավ Քրիստ Մարուքյանը, իսկ հանրապետական Մամիկոն Ասլանյանին կողմ քվեարկեց ավագանու 19 անդամ։ Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Սսլանյանը:

Վերջինիս՝ քաղաքապետ դառնալու հավանականությունն օրեր առաջ գրեթե զրոյական էր: Հիշեցնեմ, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

Հաշվի առնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև առկա համագործակցությունը՝ Ասլանյանը քվեարկության արդյունքներով պետք է ստանար 15 ձայն, իսկ քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Քրիստ Մարուքյանը` 18 ձայն: Վերջինի դեպքում ձայների այդչափ լինելու հանգամանքը պայմանավորված էր ԲՀԿ - ՀՎԾ - ԼՀ եռակողմ համաձայնագրով, որի համաձայն՝ երեք քաղաքական ուժերը պետք է միաձայն սատարեին Քրիստ Մարուքյանին:

Նման իրավիճակ քաղաքական դաշտում դեռևս չէր եղել: Ընտրություններից առաջ շատերն արդեն շնորհավորում էին ընդդիմադիր ուժերին ՝ ՀՀԿ-ին առաջին անգամ փոքրամասնության կարգավիճակում թողնելու և սեփական ռեսուրսները իշխանության դեմ միահամուռ կոնսոլիդացնելու համար:

Ընտրությունները, սակայն, ցույց տվեցին հակառակը: Ընդդիմադիր ուժերը անգամ համաձայնագիր կնքելով չկարողացան փաստացի առկա առավելությունը վերածել վերջնական հաղթանակի: Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր կառույցները ևս մեկ անգամ չկարողացան իրար հետ լեզու գտնել: Երեք ընդդիմադիր ուժերի միաձուլման արդյունքում առաջացած ավագանու 18 անդամներից 4-ը քվեարկեցին իշխանական թեկնածուի օգտին: Ֆուտբոլային լեզվով ասած՝ ընդդիմությունը «շեղ հարվածեց» իշխանության «բաց դարպասին»:

Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ընդդիմության հնարավոր միավորման թեզը շարունակում է տապալվել և գոնե նման պայմաններում չունի առաջխաղացման միտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել