Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հոկտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան: Նախօրեին Պակիստանում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում Շարիֆը նշել է, որ Իսլամաբադը պատրաստվում է խորացնել Ադրբեջանի հետ առևտրային ու գործնական կապերն ու դա նրանց համար առաջնահերթություն է:
Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար: Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:Ըստ նրա, JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:

Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:
Պակիստանը հանդիսանում է խոշոր ռազմա-արդյունաբերական համալիր ունեցող երկիր՝միջուկային տերություն, իր զարգացած հրթիռային տեխնոլոգիաներով:Պակիստանա-ադրբեջանական ռազմական համագործակցությունը կարող է բարձրանալ նոր մակարդակի վրա, եթե վերոնշյալ հայտարարությունը կործանիչների հետ կապված կյանքի կոչվի: Օդային առավելությունը ցանկացած հակամարտությունում ազդում է մարտերի ելքի վրա:

Չմոռանանք, որ Ադրբեջանը նախորդ շաբաթ ցուցադրել է նաև սեփական արտադրության կործանիչ ու հետախուզական անօդաչուներ, ինչպես նաև անտեսանելի անօդաչուներ:
Բաքուն ցանկանում է ուժեղացնել իր օդուժն ու այդ նպատակով, ըստ նրանց ռազմական ղեկավարության, զբաղվելու են նաև սեփական տարածքում օդ-օդ, օդ-ցամաք հրթիռների ստեղծմամբ, որոնք չի բացառվում, կարող են տեղադրվել թե ռուսական արտադրության կործանիչների վրա՝դրանք արդեն իսկ գտնվում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի շարքերում, թե պակիստանյան կործանիչների:

Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ <<երկրորդ Իսրայելը>> Բաքվի համար՝ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:

ՀՀ-ը պետք է համարժեք պատասխան տա պակիստանա-ադրբեջանական սերտացող հարաբերություններին օգտագործելով Հնդկաստանի տնտեսական, մարդկային, ինտելեկտուալ ներուժը: Եթե Պակիստանն ամրապնդվում է Ադրբեջանում, Հնդկաստանը, որպես Իսլամաբադի աշխարհաքաղաքական ու ռազմա-քաղաքական հակառակորդ կցանակա հետ չմնալ Պակիստանից ու ունենալ Հարավային Կոսվկասում համարժեք հակակշիռ, որն էլ կարող է լինել ՀՀ-ը: Հայ-հնդկական կապերն ունեն դարավոր պատմություն, իսկ հնդկական ներդրումները կարող են նոր լիցք տալ հայկական տնտեսությանը,այդ թվում ՏՏ-ի ոլորտում ու այդ ոլորտը կարող է կիրառվել նաև ռազմա-արդյունաբերական համալիրում:

Դելիի ու Երևանի հարաբերությունները պետք է համարժեք դառնան ադրբեջանա-պակիստանյան ռազմավարական կապերին՝Հնդկաստանը 21-րդ դարում դառնալու է աշխարհաքաղաքական կարևորագույն կենտրոններից մեկը ու նրանց ձայնը լսելի է դառնալու միջազգային հարթակներում: Հնդկաստանը նույնպես ունի հզոր ռազմա-արդյունաբերական համալիր, միջուկային տերություն է, իսկ հայ ժողովրդի նկատմամբ միշտ էլ Հնդկաստանում եղել է բարձր կարծիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել