Картинки по запросу տնտեսությունՀՀ տնտեսությունը ներկայումս ծանր օրեր է ապրում: Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչնդոտում են բազմաթիվ գործոններ՝ սկսած տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից մինչև ներտնտեսական պրոբլեմներ: ՀՀ տնտեսության առաջընթացը խոչնդոտող ներտնտեսական խնդիրներից են ստվերային տնտեսության բարձր ցուցանիշները: Ստվերային տնտեսությունն իրենից ենթադրում է տնտեսական գործունեություն, որը թաքցված է պետությունից և չի գտնվում պետական հսկողության տակ և չի ենթարկվում հաշվապահական հաշվառման:

Հայաստանում ստվերայնությունն առկա է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում և ըստ որոշ տվյալների՝ կազմում է ՀՆԱ-ի 30-35 տոկոսից ավելին: Այսինքն՝ ՀՆԱ-ի 35 տոկոսի չափով տեղի ունեցող շրջանառությունը չի հարկվում, և համապատասխան դրամական միջոցները չեն մուտքագրվում ՀՀ պետբյուջե:

Պետք է նշել, որ տնտեսվարող սուբյեկտների տեսանկյունից տնտեսության ստվերային հատվածին ինտեգրվելու հիմնական շարժառիթ է հանդիսանում տնտեսության՝ այս կամ այն ոլորտում պետական կարգավորման բացակայությունը կամ պետական կարգավորման մեխանիզմների ոչ արդյունավետ աշխատանքը։ Պետությունը ստվերի դեմ արդյունավետ պայքար կարող է մղել այն դեպքում, երբ ստեղծի կիրառական մեխանիզմներ և համապատասխան օրենսդրական կարգավորումներ:

Ստվերի դեմ պայքարի ուղղությամբ հաջողությունների հասնելու համար պետությունը նախաձեռնել է Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրը: Այս փաթեթով սահմանվում են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց հիման վրա առաջիկայում պետք է իրականացվեն եկամուտների ապահովման վարչարարական աշխատանքները: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ամրապնդելով երկրի տնտեսական անվտանգությունը, հետևողականորեն ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը:

Երբ օրենսդրական փաթեթը գործնականում սկսի գործել, ապա տնտեսվարողների համար շատ բարդ կլինի իրենց գործունեությունը պահել ստվերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել