«Հին արքաներ»․ այսպես է կոչվում «Ucom» ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»  հեռուստաալիքի բազմասերիանոց ֆիլմը, որը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։

    

Ժան Նշանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Ռուբեն Մուրադյանի, Շողեր Թովմասյանի, Արման Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, Աննա Գրիգորյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը՝ ապագայում՝ Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան Առաջինի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են:

BlogNews-ի հետ զրույցում Շաքե Թուխմանյանը մեծ հպարտությամբ խոսեց այս նախագծի մասին և հույս հայտնեց, որ այն կսիրվի հեռուստադիտողների կողմից։

«Ժամանակն էր նման նախագիծ ստեղծելու, որպեսզի մեր ապագա սերունդը կրթվի և դաստիարակվի մեր պատմությամբ: Մենք հին ազգ ենք, և պետք է մեր նոր սերնդին փոխանցենք այն պատմությունը, որն ունենք: Մենք ունենք շատ գեղեցիկ լեզու, որը պետք է հնչի մեր էկրաններից և կրթի մերօրյա սերնդին»,- ասաց տիկին Շաքեն և հավելեց, որ ֆիլմում բավականին բարդ էր պահպանել հայոց լեզուն, սովորել տեքստերը, որոնք ինչ-որ առումով բարդ էին, սակայն իրենք ամեն բան արել են՝ որակյալ նախագիծ ստանալու համար:

Նախագծի զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ:

«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանն էլ նշեց, որ նման նախագիծ ստեղծելու մտահղացում վաղուց ունեին. «Պարզապես մենք գիտակցում էինք, որ սա շատ ծանր նախագիծ է, և առաջին հերթին ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում։ Առանց  «Ucom» ընկերության՝ այս նախագիծը կյանքի չէր կոչվի։ Մենք ոչ մի ռեսուրս չենք խնայել այս նախագիծն իրականացնելու համար և մանրակրկիտ պատրաստվել ենք։ Սա շատ լավ նախադեպ էր։ Այս պահից սկսած՝ մենք արդեն կմտածենք նմանատիպ նախագծերի մասին»։

Դերասանուհի Շողեր Թովմասյանն էլ նշեց, որ իր համար այս նախագիծը շատ հետաքրքիր էր, քանի որ առաջին անգամ է ներգրավվում այսպիսի մեծ նախագծում։ «Հայաստանում չի նկարահանվել պատմական սերիալ։ Ինձ շատ դուր եկավ ինձ առաջարկված կերպարը, այն շատ բացասական է։ Իմ կարծիքով՝ բացասական դեր կերտելն ավելի դժվար է։ Կերպարս բազմատիպ է, բացելու տեղեր ունի»,- ասաց նա։

Արմեն Մարգարյանն էլ նշեց, որ իր դերը մեծ չէ, սակայն իր համար շատ հետաքրքիր է եղել ներկայանալ այսպիսի նախագծում։ «Ես միանգամից համաձայնեցի նույնիսկ երկրորդ պլանի դեր խաղալուն, որովհետև այստեղ իսկապես լուրջ մոտեցում էր պետք։ Կապ չունի՝ որ պլանում է խաղում դերասանը, կարևորը՝ իր ասելիքը տեղ հասցնելն է։ Այսօր պատմական ֆիլմ նկարահանելը, խոսքի գրական մոտեցումը շատ կարևոր են մեր սերունդների դաստիարակության համար։ Կարծում եմ՝ հանդիսատեսի համար շատ հետաքրքիր կլինի առնչվել սեփական պատմությանը»,- շեշտեց դերասանը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել