Картинки по запросу ՍտվերայինՀայաստանում կան մի շարք խոշոր գործարարներ, որոնց բիզնեսների մի մասը գտնվում է ստվերում, և դրա շնորհիվ նրանք տարեկան մոտ կես միլիարդ դոլարով պակաս հարկեր են վճարում։ Դա նրանց ձեռնտու է, քանի որ միջին հաշվով՝ յուրաքանչյուրը շահում է մոտ 25 միլիոն դոլար։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ուսումնասիրության արդյունքներով՝ ՀՀ տնտեսությունում ստվերը կազմում է 30-35 տոկոս։ Սա, իհարկե, բավականին մտահոգիչ, եթե չասեմ տնտեսության կայուն աճի կայացման և բյուջի կատարման համար սարսափելի ցուցիչ է:

Օրերս գործադիրի հավանությանն է արժանացել հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Ըստ այդմ՝ սահմանվում են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց հիման վրա առաջիկայում պետք է իրականացվեն եկամուտների ապահովման վարչարարական աշխատանքները: Եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումները կոչված են ընդլայնելու հարկային և մաքսային մարմինների կարողությունները, որոնք առաջնահերթ կերպով կուղղվեն ստվերային շրջանառությունների բացահայտմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ամրապնդելով երկրի տնտեսական անվտանգությունը, հետևողականորեն ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը և ՊԵԿ գործունեության թափանցիկությունը: Անդրադառնալով ներկայացված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը նախատեսվող այս փոփոխությունների վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ շատ դեպքերում կառավարությունը բիզնեսի առանձին շերտերին ուղղված որոշակի միջոցառումներ է ներգրավում՝ ստվերը կրճատելու, կանխատեսելիությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով: Նախատեսված է չորսօրյա ժամկետում գործարար շերտի հետ քննարկել փաստաթուղթը, որպեսզի չդառնա գլխացավ օրինապահ դաշտում աշխատող գործարարի համար:

Առաջնային և ֆունդամենտալ նշանակություն ունի, որ «ստվերը դաշտ բերելու» կոչերն իմիտացիոն բնույթ չկրեն: Այսօր ՀՀ-ում մի տարօրինակ տենդենց է նկատվում. հարկատուները հպարտանում են ոչ թե պետությանը վճարած իրենց հարկերով, այլ հակառակը, որ կարողացել են ինչ-որ ձևով խուսափել դրանցից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել