Այսօր շատ լեցուն ու հաճելի օր ունեցանք: Չնայած այն վատը լինելու պարզապես ոչ մի շանս չուներ, որովհետև նպատակը, որի շուրջ հավաքվել էինք, բարի էր:

 

Սկսեմ հենց սկզբից: Ինչպես գիտեք, այս օրը՝ փետրվարի 19-ը, գիրք նվիրելու օրն է: Դե մենք էլ հանդես եկանք նախաձեռնությամբ՝ գիրք նվիրել մեր հայ զինվորներին և հարստացնել զորամասերի գրադարանները: Ասեցինք, արեցինք: Տարածեցինք հայտարարություն, պայմանավորվեցինք ՊՆ-ի հետ ու նշեցինք տեղն ու ժամը, որտեղ մարդիկ պետք է բերեին գրքերը:

Ժամը 3-ից դիրքավորվեցիք Թամանյանի արձանի դիմաց, կանգնեցրինք բաներներն ու սկսեցին սպասելը: Ակտիվությունը, որն առաջացրեց այս նախաձեռնությունը, շատ ոգևորիչ էր:

Առաջինը սիրված հաղորդավար Արմեն Դուլյանը եկավ: Ինչպես և սպասվում էր, նա դատարկաձեռն չէր եկել: Նվիրեց գրքերը, խոսեցինք, ծիծաղեցինք ու ակցիայի շարունակության բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք:

Հետո մեզ միացան Ֆեյսբուքի մեր անդավաճան ընկերները՝ Սմբատը, Ռուբենը, Արմանը ու էլի շատ երիտասարդներ:

Ապա պատգամավոր Նաիրա Կարապետյանը մեզ միանալու պատրաստակամություն հայտնեց: Նրա օգնական ու մեր լավ ընկեր Ամալյան իրենց կանանց ակումբի հետ միասին 100-ից ավելի գիրք նվիրեցին զինվորներին:

Մարդկանց հոսքը չէր դադարում: Թամանյանի արձանի պատվանդանը աստիճանաբար ծածկվում էր գրքերով: Շատ կարևոր էր, որ բոլորի բերած գրքերը շատ լավն էին: Հերթով ուսումնասիրում էինք, քննարկում ու համոզվում, որ զինվորին անհետաքրքիր բան չենք ուղարկում:

Ժամը 5-ին մեր հավաքատեղիից քիչ հեռու սկսեց Րաֆֆու հանրահավաք-ասուլիսը: Հարյուրավոր մարդիկ էին շտապում Ազատության հրապարակ: Չեք պատկերացնի՝ ինչքան հաճելի էր, երբ իր խոսքն ավարտելուց անմիջապես հետո Րաֆֆին իր տղայի հետ, չորս գիրք ձեռքին, մոտեցավ մեզ: Բարևեց: Բոլորին բարևեց, նվիրեց գրքերը ու երկար զրույցի բռնվեց հետներս: Ամեն ինչից մի քիչ, մի քիչ խոսեցինք: Տրամադրությունը լավ էր ու անվերջ ժպտում էր:

Օրվա ամենատպավորիչ պահն այն էր, երբ մեզ մոտեցան այս չորս աշխույժ տղաները: Խանդավառված հավաքվեցին շուրջս ու սկսեցին ֆուտբոլից հարցեր տալ: Սկզբում չէի հասկանում, թե ինչու են մոտեցել ինձ, նամանավանդ, որ երևի 100 կմ ռադիուսով ամենավատ ֆուտբոլ խաղացողը ես էի: Հետո պարզեցի, որ ինձ նմանեցրել են «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Օզիլին ու շտապում էին հետս նկարվել: Երբ հասկացան, որ ես այնքան էլ Օզիլը չեմ, սկսեցին հետաքրքրվել գրքերով: Ասացին, որ կարդալ շատ են սիրում: Խելոք ուսումնասիրեցին բոլոր գրքերն ու դրանցից մի քանիսը վերցնելու թույլատվություն խնդրեցին:

Չեք պատկերացնի, թե ինչքան էին ուրախացել, երբ ասացինք, որ կարող են մեկական գիրք վերցնել: «Նրանք էլ ապագա զինվոր են, ի՞նչ տարբերություն»,- մտածեցի ես: Ապա փոքրիկներից մեկն ինձ թաքուն իր մոտ կանչեց ու ասաց, որ չի կողմնորոշվում, թե իր ընտրած երկու գրքից, որը վերցնի: Ասաց, որ երկուսն էլ հավասարապես հետաքրքիր են թվում իրեն: Պուճուրին մերժել չուզեցի ու երկուսն էլ նվիրեցի: Աշխարհով մեկ եղավ ու թռվռալով փախավ: «Լավ սերունդ է մեծանում»,-ասացինք մտքներումս:

Էլի շատ ու շատ մարդիկ էին մեզ այցելում: Չնայած բավական ցուրտ էր, բայց մարդկանց սրտերի ջերմությունը մեզ տաքացնում էր: Նույնիսկ չնկատեցինք, թե 6 ժամն ինչպես անցավ:

Ցավոք, գիրք նվիրողներից քչերին հասցրինք լուսանկարել:

Երեկոյի ամենահամով երևույթներից էր վերևի նկարի այս պուճուրը: Եկավ, բոլորիս լեզու ցույց տվեց, ծաղրեց, նվիրեց գիրքը ու պարելով հեռացավ:

Կաճ ասած՝ շնորհակալ եմ բոլորիցդ: Այսպիսի ակցիաներ անպայման էլի կլինեն: Այս անգամ 2000-ից ավելի գիրք հավաքվեց, ինչը սպասվածից ավելին էր: Վաղը կխոսենք ՊՆ-ի ներկայացուցիչների հետ ու գրքերը հետները կուղարկենք զորամասեր: 

Հ.Գ. Շնորհակալ եմ Մարիա Բարաղամյանին ու Էմիլյային ակցիան անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանի թույլատվությունը ստանալու հարցում մեզ օգնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել