Image result for ԼՂՀ կուսակցականՔանիցս խոսել եմ քաղաքական համակարգի և քաղաքական գործընթացներին կուսակցությունների դերի և կարևորության մասին. առանձին դեպքերում անդրադարձել եմ ՀՀ կուսակցական համարակարգերին, ինչպես նաև քաղաքական կյաքում նրանց ներգրավվածության հարցերին: Փորձեմ ներկայացնել ԼՂՀ կուսակցական համակարգերից մի քանի դրվագ:

Ի տարբերություն ՀՀ-ի` ԼՂՀ-ում կուսակցական պատկանելությունը շատ սահմանափակ ազդեցություն ունի գործադիր իշխանությունում նշանակումների վրա: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում վարչակազմի 90%-ն անկուսակցական էր: ԼՂՀ-ում այս ցուցանիշը թեթևակի աճեց Արկադի Ղուկասյանի նախագահության ժամանակ, ով իշխող կուսակցության առաջնորդն էր և ԼՂՀ ԱԺ ընտրություններում իշխող քաղաքական միավորի համամասնական ցուցակի առաջին համարը:

Հատկանշական է, որ խորհրդարանում հայտնված բոլոր երեք կուսակցություններն էլ ներկայացված էին կառավարության կաբինետում: Սակայն այս միտումը փոխվեց Բակո Սահակյանի ընտրվելուց հետո, ով նախկինում ԼՂՀ ԱԱԾ ղեկավարն էր: Վարչապետ Արա Հարությունյանից բացի, ով խորհրդարանական ամենախոշոր կուսակցության առաջնորդն է, Բ. Սահակյանի նշանակած կառավարության ներկայացուցիչներից ոչ ոք չի հայտարարել իր կուսակցական պատկանելության մասին: Հասկանալու համար, թե ԼՂՀ-ում ինչպիսի գործոններ են ազդում էլիտայի ձևավորման վրա, նշեմ, որ գործադիրում իրականացված նշանակումները բաշխվել են քաղաքական համակարգի ներսում գտնվողների միջև. առավել հաճախ այդ պաշտոնները տրվել են քաղաքացիական ծառայողներին, ովքեր ԼՂՀ-ում գործադիր պաշտոնների հիմնական հավակնորդներն էին: Նախարարների մեկ չորրորդի դեպքում, որպես կարիերայի առաջխաղացում, պետք է դիտարկել նախարար նշանակվելու փաստը:

Գործադիր իշխանության առավել դիվերսիֆիկացված քաղաքական էլիտան գործառնել է Ա.Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքում, երբ նախարարական պաշտոնների գրեթե մեկ քառորդը վստահվել էր հանրային կառավարման փորձ չունեցող անձանց, ովքեր, սակայն, ունեին ձեռնարկատիրական փորձ: Նրանք հիմնականում ընդգրկված էին «Ազատ հայրենիք» կուսակցության մեջ, որը երկրորդ խոշորագույն կուսակցությունն էր 2005թ. ԱԺ գումարման ժամանակահատվածում: Այն հետագայում սկսեց սերտորեն համագործակցել Ղուկասյանի` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ: Բ. Սահակյանի ընտրվելուց հետո քաղաքական էլիտայի հավաքագրման նախապատվությունները փոխվեցին: Քաղաքացիական և պետական ծառայողները կրկին դարձան էլիտայի կազմը համալրելու հիմնական «հավակնորդները»: Հատկանշական է, որ վարչական շրջանների վեց նորանշանակ ղեկավարներից չորսն ունեին ոստիկանության կամ անվտանգության ծառայության ոլորտներում երկարատև աշխատանքի փորձ, մինչդեռ քաղաքական փորձառություն ընդհանրապես չունեին: Սահակյանի կողմից նշանակված 15 պաշտոնյաներից միայն մեկն է նախկին հասարակական-քաղաքական գործիչ:

Ռ. Քոչարյանի և Ա. Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակահատվածում այդ ցուցանիշները բարձր են եղել մոտ 5-6 անգամ: Միջազգային ճանաչում չունեցող պետության պարագայում անվտանգության աշխատակիցների ծանրակշիռ ներկայությունը գործադիր իշխանության մեջ կարող է բացատրվել լուրջ արտաքին ռիսկերի գոյությամբ, այդ թվում` Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հանգամանքով: Սակայն սա կարելի է դիտարկել նաև որպես նախագահի կողմից այդ նշանակումները արդարացնելու միջոց:

Թույլ զարգացած կուսակցական համակարգը նպաստում է ոչ կուսակցական անձանց նշանակումներին: Սահակյանն առաջին հերթին փորձում է պարգևատրել նրանց անհատական հավատարմության համար` կարևոր պաշտոնների նշանակելով: Նման անձինք, որպես կանոն, կապված են նախագահի հետ անձնական կապերով և հաշվետու են նրան, քանի որ նախկինում չեն զբաղվել իրենց քաղաքական կարիերան ստեղծելու գործով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել