Картинки по запросу Հայաստանի կուսակցություններԳյումրիում աստիճանաբար թափ են հավաքում հետընտրական կրքերը։ Խոսքը գլխավորապես գնում է քաղաքապետի ընտրություններում վերջնահաշվարկի մասին։ Ինչպես գիտենք, այստեղ դեռևս չի որոշվել հաղթողը, որովհետև կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 41 տոկոսը։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ընդդիմադիր «Գալա», «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» ուժերը, որոնք, ըստ արդյունքների, հաղթահարել են անցողիկ շեմը, հայտարարություն են տարածել, որտեղ պահաջում են թույլ չտալ «Բալասանյան» դաշինքին քաղաքապետ ընտրել։ Այս պահին Գյումրիում ընթանում է երթ՝ վերոնշյալ պահանջով։
 
Եվ ուրեմն, ի՞նչ կարող ենք արձանագրել այս ամենից։ Ընտրական օրենսգիրքը գրված է այնպես, որ իշխանությունները կարող են դա մեկնաբանել այնպես, ինչպես ուզում են։ «Բալասանյան» դաշինքը, «Գյումրեցի ոգի» կուսակցության հետ միասին ի վիճակի չի լինում ապահովել անհրաժեշտ 17 մանդատը, դրան գումարած նաև բոնուսային մեկ միավոր, որի արդյունքում ստացվում է 18 մանդատ։ Դա հնարավորություն կտար, անկախ մրցակիցների դաշինքներից, ընտրել քաղաքապետի իր թեկնածուն։ Այժմ, եթե հաջողվի ընդդիմադիրներին հանդես գալու մեկ ընդհանուր դաշինքով, ապա շատ հնարավոր է, որ Գյումրին ունենա նոր քաղաքապետ։ Թեպետ, ի տարբերություն Վանաձորի, որտեղ, ըստ էության, դաշինքի մասին արդեն կարելի է մոռանալ, այստեղ բավական ռեալ է ընդդիմության միավորումը։ Ամեն ինչ, փաստորեն, կախված է լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որը և կհայտարարի, թե արդյունքում ով է հաղթել ընտրություններում։ Հակառակ դեպքում ընդդիմությունը միացյալ ուժերով պետք է որոշի քաղաքապետի իր թեկնածուին, որը տվյալ դեպքում հավակնում է լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համար Վարդևան Գրիգորյանը։ Ինչ մնում է բուն ընտրություններին, ապա հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքներում իսկապես տեղի է ունեցել նախադեպը չունեցող երևույթ։ Փաստորեն, անկախ արդյունքներից՝ կարող ենք արձանագրել, որ պատշաճ կոնսենսուսի դեպքում իշխող Հանրապետական կուսակցությունը հավակնում է դառնալ ընդդիմություն։ Վանաձորում, օրինակ, գնդակն ընդդիմության դաշտում է, մասնավորպես «Լուսավոր Հայաստանի», «Հայկական վերածնունդի» և «Բարգավաճ Հայաստանի» միջև ենթադրվող դաշինքի դեպքում ՀՀԿ-ն նույնիսկ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում ի վիճակի չի լինում ապահովելու կայուն մեծամասնություն։ Սրանք, ինչ խոսք, շեշտակի ազդեցություն կունենան նաև Պառլամենտական գալիք ընտրությունների վրա, որոնք սարերի ետևում չեն։ Այդ իսկ պատճառով իշխող ուժի համար օդի ու ջրի պես անհրաժեշտ է ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանել ու կասեցնել ՀՀԿ-ի հիերարխիան։ Կստացվի դա, թե ոչ, կիմանանք ընդամենը մի քանի օրից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել