Մարդկանց եւ ժողովուրդների համար չկա ավելի ընդհանրական բան, քան սեփական բացառիկության զգացողությունը: Ազգերի իրական յուրահատկությունն այն է, թե ինչպես է մեկը մյուսին կապվում:

Ցանկացած ֆրանսիացի իր ողջ կասկածամտությամբ եւ ընդդիմադրությամբ հանդերձ՝ բարեհաճությամբ կլսի խոսակցությունն այն մասին, որ Ֆրանսիան ռացիոնալ մտքի օրրանն է, որ ճառագում է բանականն ու լուսավորը` Փարիզից մինչեւ ամենայն ծայրամասերը: Ամերիկացիներն արդեն առանց որեւէ թերահավատության այդ արժանիքը կվերագրեն սեփական երկրին եւ հենց այդ պատճառով էլ արժանանում են ֆրանսիացիների արգահատանքին, ովքեր Նոր Աշխարհի բնակիչներին համարում են ընդօրինակողներ եւ դուրսպրծուկներ: Գերմանացիները փայփայում են սեփական, այլընտրանքային բանականության միտքը, հանուն որի՝ նրանք հնարել են իրենց մետաֆիզիկան: Ռուսներն իրենց այլությունը հասցրին համաշխարհային ընդգրկումների, մինչեւ` հանուն խաղաղության աշխարհում իրենք իրենց զոհելու պատրաստակամությունը: Ճապոնացիներն արմատավորում են ողջ յուրահատուկն իրենց կյանքում այնպիսի կրքոտությամբ, որ իրենք իրենց տարաշխարհիկ են թվում: Տիբեթն այդ ազգային յուրօրինակությունների շքահանդեսում միանգամայն առանձնահատուկ տեղ է գրավում: Բլավացկայաների եւ Ռերիխների ժամանակներից ամենքը զգում են, որ Տիբեթն անհավանականորեն եւ անկեղծորեն յուրօրինակ է. Եվ ամենայն ինչ, որ կատարվում է այնտեղ, աշխարհի համար վիթխարի նշանակություն ունի, սակայն դեռեւս ոչ ոք չի կարողացել արտահայտել, թե որն է այդ նշանակությունը, եւ թե ինչ մարտահրավեր է այն ներկայացնում մարդկությանը: Կարդացեք Տիբեթի պատմության ցանկացած դասընթաց, ի տարբերություն Արեւմուտքի պատմության բազմիցս անդրադարձվող դիպվածների, այն մեզ չի տալիս նրա շարժիչ ուժերի, եւ ոչ էլ նպատակների ըմբռնումը: Տիբեթի՝ իր տեսակի մեջ բացառիկ աստվածապետական կարգը, լինելով մախայանա բուդդիզմի գլխավոր թեմայի պսակը նիրվանայի եւ սանսարայի անբաժանության մասին, տիբեթցիներին հանգեցրեց իրենց մշակույթում նյութականի եւ հոգեւորի լրիվ միաձուլմանը, այնպիսի ամենակուլ բոլորամիասնության, որի առաջ դժգունում է նույնիսկ վաղնջառուսական «կենցաղային խոստովանանքի» սովորույթը: Տիբեթյան կենսակարգը ներշնչում է «միանգամայն այլի» ներկայությունը հարազատի եւ ծանոթի մեջ, եւ ում երկնային դատարկությունը վերածվում է երկրային բնահողի կոպիտ առարկայականության: Հենց այդ պատճառով էլ այդ գոյակերպի ներքին կառուցաձեւը խոհածության ենթակա չէ եւ չի մակաբերվում հասկացությունների եւ տեսությունների ծծանով: Արդյո՞ք Տիբեթին պետք է գնալ ինչ-որ ավելի հեռու: Թե՞ բավ է այդ հնությունը պահածոյացնել կեղծած անտիկվարիատի հանգույն, որ վաճառվում է զբոսաշրջիկներին տիբեթյան շուկաներում, եւ «հոգեպես դարեդար հանգչել», քանզի ոգին առանց այդ էլ հանգչում է Ձյուների Երկրի բնակիչների վրա: Պատասխանը բնավ էլ ակնհայտ չէ:

Քաղաքագիտության ձեռնածությունն այստեղ է թաքչած` բացատրել, թե ինչպես է առանձնահատուկը դառնում ընդհանրական, իսկ այլը` քոնը: Դեռեւս խտանում է գաղտնիքի քողը Տիբեթի պատմական կոչման վրա, եւ մեր աչքի առջեւ տեղի են ունենում չափազանց հասկանալի, չափազանց ակնկալելի իրադարձություններ, պտտվում են քաղաքական եւ պրոպագանդիստական մեքենաների անվակները: Անկախություն պահանջող տիբեթցիների ցույցերը: Այրվող շուկաներն ու մեքենաները: Տիբեթյան ազգային դրոշները` տների պատուհաններից կախ: Երթաքայլող զինվորները: Գնդակահարություններն ու դիակները: Արտասվող երիտասարդ տիբեթուհին Լհասայի ոստիկանական բաժանմունքում: Հայտարարություններն ու հերքումները: Ալեկոծվող «համաշխարհային հասարակայնությունը», որը չի կարողանում եւ չի կամենում հասու լինել հարցի էությանը: Խաղադրույքներն աճում են: Գալիք Օլիմպիադայի վիժեցումը Պեկինում չինական իշխանությունների համար մղձավանջ է: Չինացի այլախոհները ղեկավարությանը բաց նամակներ են հղում, որոնցում պնդում են, որ ամենայն չարյաց արմատը բռնատիրությունն է, եւ, որ «Դեմոկրատական դաշնային Չինաստանում» Տիբեթի բաժանման անհրաժեշտությունը չի լինի:

Այնքան ծանոթ եւ նախօրոք հաշվարկելի իրավիճակ է, որ այդ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները մեկեն հստակորեն նշեցին իրենց դիրքերը: ԱՄՆ-ը եւ նրանց դաշնակիցներն անմիջապես հասկացրին, որ Օլիմպիական խաղերի բոյկոտ չեն ուզում: Ամեն դեպքում չափազանց մեծ գումարներ են նրանք ներդրել: Արեւմտյան տերությունները սահմանափակվում են Չինական կառավարությանն ուղղված կոչերով` «ցուցաբերել զսպվածություն», իսկ ամենակարեւորը՝ պահանջում են նրանից անմիջական բանակցություններ վարել Դալայ-լամայի հետ, եւ դրանով դե ֆակտո ընդունել նրան՝ եթե ոչ օրինական, ապա ծայրահեղ դեպքում՝ Տիբեթի բանակցությունների ունակ ղեկավարը: Թերեւս, մեկ էլ տեսար, չինական թռչնակի ճանկիկը թաղվի: Ցանկալի է նաեւ օլիմպիական կրակի էստաֆետան վերածել հարատեւ սկանդալի, ոնց որ թե մենք գործ ունենք հետախուզությամբ ծրագրված մարտի հետ: Ամերիկային հարկ է իմանալ, թե ներկա իրավիճակում որքանով է Չինաստանը պատրաստ կքելու դիվանագիտական եւ քարոզչական ճնշման տակ: Դե, ամեն դեպքում, միշտ օգտակար է մատը ձգանի վրա պահելը՝ հասկացնել տալով, որ ուզածդ պահին կրակոցը կարող է պայթել: Այդպես պայմանավորվելն ավելի հեշտ է:

Նույնքան ակնհայտ է, որ Պեկինը հասկանում է այժմյան տիբեթամետ կամպանիայի իրական նպատակները եւ մտադիր է ամենակոշտ ձեւով պաշտպանել իր իրավունքները: Գործի են դրվում ծեծված կլիշեները «Դալայի ժանիքի» մասին, բողոքի ակցիայի մասնակիցները ներկայացվում են ոչ այլ կերպ, քան ջարդարարներ, մարդասպաններ եւ արտասահմանյան հատուկ ծառայությունների վարձկաններ: Շատերից ակնկալվող չինական կողմի դիրքորոշումը մեղմացնելու ազդանշանները դեռեւս կցկտուր են, բայց դրանք կան: Դա նաեւ իշխանությունների հայտարարությունն է՝ զենք գործածելու չկամեցողության եւ նրանց համաներման մասին, ովքեր ինքնակամ դադարեցրել են «խուլիգանական գործողությունները», ինչպես նաեւ՝ 18 պաշտոնապես ընդունված զոհերի ընտանիքներին 200.000 յուան (որը համազոր է ամերիկյան 30.000 դոլարին) փոխհատուցում վճարելը, թեեւ այդ մարդիկ հայտարարված են հենց բողոքողների զոհերը: Փոքր-ինչ կանգ առնենք անմեղ զոհերի մարմինների մոտ, որոնց թիվը, ըստ Դալայ-լամայի կառավարության տվյալների, 150-ի է հասնում: Ոչ միայն ընկածներին հիշատակելու համար: Այստեղ մենք գտնվում ենք տիբեթյան քաղաքականության հենց էպիկենտրոնում, այն է` կրոնով մինչեւ ուղն ու ծուծը ներթափանցված ողջ Տիբեթի գոյակերպը հենց կյանքն ու մահն է: Զուր չէ, որ Դալայ-լաման իր Տիբեթի վերջին իրադարձություններին վերաբերող «ողբում» ինքն է ասում, որ խոսքը «տիբեթյան ժողովրդի կյանքի եւ մահվան մասին է»: Հրազենի վերքը, սպին ոստիկանական մահակից` նահատակության նշան է, որը տուժողին միավորում է Բոդհիսաթվայի զոհողությանը, սեփական ինքնության ամենաճշմարիտ նշանը, հավերժության դարպասը: Պատահական չէ, որ սպանվածների մեջ շատ են լամաները: Ինքնազոհաբերումը ոչ միայն անուժության արտահայտություն է, այլ իր տեսակի մեջ հուժկու քաղաքականություն, որ կյանքից ու մահից անդին գտնվող զմայլվածական վիճակ է ներշնչում, տիբեթյան «մեռյալների գրքում» նկարագրածի հանգույն: Դա քաղաքականություն է խոստովանող-ժողովրդի համար, որը թույլատրում է հիշել իր տառապալից անցյալը եւ հավատալ այլ գալիքի: Չմոռանանք, որ քաղաքական որոշումները Տիբեթում միշտ ընդունվել են միստիկական տեսիլքների հիման վրա, որոնք հաճախ ներկայանում են ասես հակառակ տեսունակությամբ` երկնից երկիր նետված հայացքով: Արեւելյան Տիբեթի տաճարներում պահպանվում են նիրվանայի հասած տիբեթյան ճգնավորների ցուցակները, եւ դրանցում շուրջ 60 անուն կա: Երբ ես իմ տիբեթցի ուսուցչին հարցրի՝ արդյո՞ք այնտեղ ընդգրկվել է հանրահայտ միստիկ եւ բանաստեղծ Միլարեպան, նա պատասխանեց, որ Միլարեպային դեռ մի քանի վերածնություն է սպասվում: Ո՞վ էր կարող դա տեսնել:

Վերադառնանք մեղավոր երկիր: Հակամարտող կողմերը մերձեցման հնարավորություններ ունեն, եւ կարելի է չկասկածել այն բանում, որ ճգնաժամային պահին դրանք գործի կդրվեն: Բայց մի պայմանով. փոխզիջման որոնումը պետք է գաղտնի արվի: Քաղաքականությունն Արեւելքում ինչ-որ բանով հիշեցնում է Աստծուն. խոսելով նրա մասին՝ ոչ ոք չգիտե, թե ինչի մասին է խոսում: Սակայն եթե անաստվածը կցանկար հավատալ Աստծուն, ապա քաղաքականության մասին խոսում են, որպեսզի մոռանան այն: Այդպիսի քաղաքականությունն էլ հենց համամիասնության մարմնավորումն է, կարծես հենց նոր հիշատակված կենաց եւ մահվան միասնությունը, որ ներկայանում է մարմնական տառապանքի նշաններով: Այն, ըստ անհրաժեշտության, դեկրետային բնույթ է կրում եւ, ինչպես արդեն գրել եմ, մինչ ամենայն ռացիոնալ ընտրությունները էքզիստենցիալ ընտրություն կատարելու առաջնությունն է: Նրան հաճո է ոչ թե քննադատական միտքը, այլ գեղագիտորեն արժեքավոր ներդաշնությունը: Այն կատարվում է տեսանող սրտի թաքնաթաքուր խորքերում` լռության եւ առանձնության մեջ, որի արտաքին զուգահեռն են Պեկինում Արգելված Քաղաքի հեռավոր սենյակները, ուր առաջ ապրում էր կայսրը, իսկ այժմ գտնվում է սովորական մարդու համար անտեսանելի չինական Կոմկուսի առաջնորդների նստավայրը: Նույնքան անհասանելի պետք է լիներ երկրային աչքի համար Դալայ-լաման: Դիվանագիտությունը, որպես՝ ինչպես ասելու արվեստ, առանց որեւէ բան ասելու, եւ մարտավարական գործողությունը, որպես՝ խաբուսիկ խուսավարում, ձեւական հանդիսակարգ, արարքի պաճուճավորում` ահա այդ քաղաքականության բարձրագույն արտահայտությունները: Զուր չէ, որ թե՛ այս, եւ թե՛ այն Չինաստանում դրանք շրջապատված են այդպիսի նրբին, հոգեպարար երկյուղածությամբ: Չհատվող «տիբեթյան հանգույցի» ճշմարիտ խնդիրն ավանդական արեւելյան քաղաքականության շրջանակներում կոնցեպտուալացնելու եւ քաղաքականության մեջ ներառելու անհնարինությունն այն է, ինչը մենք կոչում ենք՝ «կենաց հատկանիշներ», որպես հենց հումանիտար թեմատիկա: Չինական քարոզչական կլիշեներն առանձնանում են իրենց համարյա անեկդոտիկ անիրականությամբ, սակայն դա չի նվազեցնում դրա քաղաքական նշանակալիությունը: Հատկանշական է, որ չինական իշխանությունները ստեղծում են լամաիստական հոգեւորականության զուգահեռ կառուցվածք, մեծ գումարներ են ծախսում տաճարների վերականգնման վրա եւ այլն: Այդ քայլերը, պետք է ենթադրել, թելադրված են ոչ միայն գործնական նկատառումներով: Դրանք իրենցից ներկայացնում են «տիբեթյան գործոնի» ներառումը քաղաքականության իրենց ընկալման մեջ:

Տիբեթի առտնին կյանքին ծանոթանալը, ինչպես հեշտ է գլխի ընկնելը, որոշակիորեն ոչինչ չի հավելում: Ամենուր չինացիներն ու տիբեթցիներն ապրում են կողք կողքի, թշնամության բացահայտ դրսեւորումներ նրանց միջեւ Տիբեթում իմ ճամփորդությունների ժամանակ չեմ տեսել: Շատ տիբեթցիներ գոհունակությամբ ծառայում են իշխանություններին, եւ դիցուք, ճանապարհային բնիկ ոստիկանները Տիբեթում ավելի կատաղի են համարվում, քան չինացիները: Ավելի շատ չինական վարչակարգում աշխատելը համակցում են Դալայ-լամային հավատարմությամբ կամ էլ ուղղակի դավադրական երազանքներով, որը մեզ էլ լավ ծանոթ է ԽՍՀՄ-ի ազգային կադրերի օրինակով` սովետական ժամանակներում, բայց փաստն այն է, որ շատ տիբեթցիներ իրենց ճնշված եւ լուսանցքային վիճակում են զգում: Պարզասիրտ մարդիկ, որ պատրաստ են զոհել լամաներին իրենց վերջին խնայողությունները, նրանք պարզապես չեն կարող մրցակցել չինացիների հետ, որոնք եւ փող ունեն, եւ հարուստ գործնական կուլտուրա, եւ տնտեսական արտոնություններ, ինչպես նաեւ՝ վարչակարգի աջակցությունը: Կենտրոնական Տիբեթի քաղաքներում չինացիներն արդեն բացահայտ մեծամասնություն են կազմում եւ խռովարարության ուզածդ դրսեւորում այնտեղ շատ խիստ պատժվում է: Այլ բան է Արեւելյան Տիբեթը, որտեղ համարյա թե չկան հարթավայրային տեղանքներ, իսկ լեռնային կիրճերը խիտ բնակեցված են տիբեթցիներով: Այնտեղի վարչակարգը ստիպված է տեղի բնակիչներին ավելի շատ ազատություններ ընձեռել` մինչեւ տուրքերից իսպառ ազատումը: Այդ վայրերում ցանկացած մեծ տաճարում ձեզ անպայման կցուցադրեն թղթադրամներով լեցուն սենյակը, որտեղ մի ժամանակ ապրել էր երիտասարդ Դալայ-լաման, ու նաեւ սեփական տներում չի արգելվում Տիբեթի հոգեւոր առաջնորդի լուսանկարներ պահելը: Բայց կրթության ասպարեզում ողբալի վիճակ է: Դպրոցներում չեն բավում տիբեթերենի ուսուցիչները, եւ շատ տիբեթցիներ, ինչպես ես պարզեցի, ուղղակի տիբեթերեն կարդալ չգիտեն: Հատկանշական փաստ է. Լհասայի գրախանութներում չես գտնի տիբեթերենի դասագրքեր նույնիսկ չինացիների համար:

Հեռավոր գավառական Սագա քաղաքում, Խուանխեի ափերից այստեղ եկած մեկը վարձով մեկ դոլարով ցնցուղներով խցեր էր տրամադրում եւ վատ չէր վաստակում: Նրա համար հաճելի էր իր լեզուն հասկացող օտարերկրացու հետ զրուցելը, եւ նա պատմում էր, թե ինչ սրիկաներ են այդ ճապոնացիները, որ անկոչ հյուրի պես եկել են չինական հողեր: Հասկանալ իր խցերի մոտով անցնող փոշուց սեւացած տիբեթցուն նա, իհարկե, չի կարող: Պատրաստ եմ ընդունել, որ վարչական առումով տիբեթցիների հանդեպ չար մտադրություններ չկան: Պարզապես բնակչության իրավունքներն ու ինքնագործունեությունը հաշվի չեն առնվում, կամ համարյա թե հաշվի չեն առնվում` քաղաքականության մասին չինական պատկերացումներում: Բոլոր հարցերը լուծվում են «տեղեկացման կարգով»: Սակայն չինական դիվանագիտության բաղկացուցիչը վերոնշյալ «գեղարվեստական իմաստով» պատմության փաստարկումն է: Լիազորված հեղինակները նախանձելի հնարամտությամբ ապացուցում են, որ Տիբեթը միշտ էլ Չինաստանի կազմում է եղել եւ նրանում գտել է իր հավատարիմ ընկերոջն ու պաշտպանին: Մի մոռացեք նաեւ «Տիբեթում ցարական Ռուսաստանի ագրեսիայի մասին»: Ընթերցողին չձանձրացնեմ նրանց փաստարկների քննարկմամբ: Ի վերջո, ինչպիսին էլ որ լինեն Տիբեթի եւ Չինաստանի հարաբերությունները 100 կամ 200 տարի առաջ, դրանք, ինչպես եւ առօրյա կյանքի իրականությունը, չնչին նշանակություն ունեն այսօրվա քաղաքական մարտերի համար: Այժմ առանձին տարածքներ անկախություն են ստանում առանց որեւէ պատմական հենքի էլ` բավական է համաշխարհային տերությունների շահագրգռվածությունը: Շատ ավելի ուշադրության է արժանի քաղաքակրթական գործոնը, դա էլ հենց չինական պաշտպանության գլխավոր գիծն է տիբեթյան հարցում: Ամերիկան այն չի ընդունում: Մի՞թե դեռ Տոկվիլը չէր ասել, որ դեմոկրատիան կհաղթի ողջ աշխարհում: Ահա ամերիկացիներն էլ համբերատար սպասում են իրենց ամենառացիոնալ կարգի հաղթանակին, լիավստահ, որ հակառակ քայլը չի լինի, եւ բոլոր խոչընդոտներն Ամերիկայի համաշխարհային հաղթանակի համար ծագում են բացառապես մարդկային անգիտությունից: Ընդհակառակը, Չինաստանը շեշտը դնում է Չինական պետականության հասարակական «համաձայնության» բնազդական բնույթի վրա, որը միշտ միավորել է Արեւելյան Ասիայի ժողովուրդներին «մի ընտանիքում»: Հարկ է խոստովանել, որ այդ տարածաշրջանի քաղաքական կարգն իրոք որ ձեւավորվել է կայսերական-լոկալ առանցքի վրա, եւ դա շատ դժվարացնում էր ազգային պետությունների կազմավորումը: Նույն ինքը՝ Դալայ-լաման, Արեւելյան Ասիայի բոլոր լամաիստների հոգեւոր առաջնորդն էր` ներառյալ չինացի բոգդիխաններին: Եվ 1912-1950 թվականներին փաստական ինքնուրույնություն ունենալով՝ Տիբեթը որպես առանձին ազգային պետություն՝ չի ձգտում հասնել ճանաչման: Գլխավորապես բուդդայական արժեքներին հավատարիմ լինելու հետեւանքով: Իր խորունկ իմաստը կա այն բանում, որ այսօր Տիբեթի ողջ հոգեւոր ընտրանին եւ տիբեթյան ժողովրդի քառորդը նրա սահմաններից անդին գտնվեցին՝ ձեռք բերելով գլոբալ համակեցության հատկանիշներ:

Վերադառնալով հոդվածի սկզբին՝ ուզում եմ մի պարզ ճշմարտություն հիշեցնել` որքան որ յուրատիպ է մշակույթը, այնքան այն համաշխարհային նշանակություն ունի: Եվ ահա այս տողերի հեղինակն ունի «երազանք-ճեղք». չհատել տիբեթյան հանգույցը, այլ այն դարձնել այն հանգույցը, որը միահյուսում է Արեւելյան Ասիայի հիմնական քաղաքակրթությունները` Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը որպես միաձույլ աշխարհաքաղաքական մակրոտարածաշրջան: Ճիշտ է, դրա համար պետք է արմատապես վերաիմաստավորել քաղաքական տեսությունը եւ ձեւափոխել համաշխարհային քաղաքականությունը: Հեռահար նպատակ է, բայց հասանելի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել