Картинки по запросу isil mosulԱսում են՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումը սեփական վերահսկողության ներքո գտնվող Իրաքի՝ մեծությամբ երկրորդ՝ Մոսուլ քաղաքում չեղյալ է հայտարարել նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ որպես պաշտոնական հիմնավորում ներկայացնելով ֆինանսական միջոցների սղությունը:

Նշվում է, որ վերջին շրջանում ֆինանսական աղբյուրների կորստի պատճառով կառույցը կանգնել է բարդ խնդիրների առջև, ինչի հետևանքով չեղարկել է կրթօջախների գործունեությունն, ինչը հանգեցրել է դպրոցների հազարավոր աշխատակիցների և մանկավարժների աշխատանքից հեռացմանը. ընդ որում՝ Իրաքի տարածքում նոր ուսումնական տարվա մեկնարկը տրվելու է արդեն այս օրերին:

Հարկ է նշել, որ 2014թ. գրավելով Մոսուլը և Իրաքի մի շարք այլ շրջաններ, ԻՊ-ը ոչնչացրել է Իրաքի տարածքում նախկինում գործող բոլոր դասագրքերը, իսկ ուսումնական գործընթացը կազմակերպել իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսության հիման վրա հրապարակված նոր դասագրքերի միջոցով:

Վերոնշյալ տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ահաբեկչական կառույցը ևս իր հերթին նախապատրաստվում է արդեն առաջիկա օրերին ուրվագծվող Մոսուլի «ճակատամարտին»՝ նաև այս ուղղությամբ հնարավորինս տնտեսելով ֆինանսական միջոցները և ուղղելով դրանք շատ ավելի առաջնահերթ ու կենսական նշանակության ռազմական կարիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել