«Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ԱՊՀ երկրների պատվավոր սահմանապահ, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի հետ, ով 1991-1993 թվականներին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է ՀՀ զինվորական կոմիսար, ՊՆ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՊՆ կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ, իսկ այսօր ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի խորհրդի նախագահի խորհրդականն է։ Ի դեպ, Ղարաբաղյան պատերազմից հետո նա առաջիններից է եղել, ով արժանացել է բարձր զինվորական կոչման։

 

- Ըստ Ձեզ, որո՞նք են այն կարևոր խնդիրները, որոնք այսօր պետք Է լուծի պաշտպանության նորանշանակ նախարարը, որպեսզի ապրիլյան քառօրյա պատերազմներ չկրկնվեն։

 

- Դուք երևի թե նկատի ունեք՝ ինչպես թույլ չտալ ապրիլյան իրադարձությունների ընթացքում ի հայտ եկած բանակային խնդիրների կրկնությունը։ Գիտեք, բանակը ժողովրդի և հանրության բաղկացուցիչ մասն է։ Ուստի՝ խնդիրները կարող են լինել միայն ընդհանուր։ Եթե երկրում ամենուրեք կոռուպիցա է տիրում, դա անխուսափելի է նաև բանակում։ Գաղտնիք չէ, որ որոշ պաշտոնյա հեղինակություններ ՀՀ ՊՆ-ում բիզնեսմեններ են և գտնվում են առևտրային հարաբերությունների մեջ իրենց իսկ նախարարության մատակարարման բաժինների հետ։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞վ է հիմնավորված գեներալական պաշտոնների այդպիսի քանակությունը այս փոքր երկրում և բանակում։ Տարօրինակ է նաև գնդապետների մեծ քանակությունը։ Սա ակնհայտորեն տեսանելի է բոլոր ուժային կառույցներում։ Պաշտոնները, որոնք ազատորեն կարող են զբաղեցնել սերժանտները, զբաղեցնում են ենթասպաներն ու այդպես մինչև ամենաբարձր կոչումները։ Դրանք ոչ պակաս ֆինանսական ծախսեր են։ Ռուսական և մի քանի այլ բանակներում վաղուց արդեն այդ խնդիրը լուծել են։ Վստահ եմ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը։ Գիտեմ, սպաները ստանում են իրենց գործունեությանը ոչ համապատասխան ցածր աշխատավարձ։ Բայց սա արդեն այլ, լուծում պահանջող խնդիր է, որը նույնպես լուծման կարիք ունի։

 

25 տարի անց չի կարելի ներել այն, ինչ ներվել է անցյալում։ Ժամանակակից բանակն ունի իր պահանջները, և դրանց հետ պետք է հաշվի նստել։ Ելնելով ապրիլյան դեպքերից՝ առաջարկում եմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կրկնության դեպքում, կասեցնելով նրանց բանակի առաջխաղացումը, չհամաձայնել հրադադարի և հաշտության ու հակահարվածի դիմելով՝ հասնել մաքսիմալ խելամիտ հաջողության, այնուհետև զբաղեցրած դիրքերում անցնել պաշտպանության։ Եվ թող դրանից հետո քեզ դատեն զինվորական դատարանում, միևնույնն է, դու ճիշտ կլինես։ Սա է պատերազմի օրենքը, որը խախտվեց ապրիլին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել