«Քաղաքացիական պայմանգրի» վարչությունը հրաժարական տվեց։ Պատճառը ՏԻՄ ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքներն են։ Սա քաղաքական լավ մշակույթին բնորոշ քայլ է. եթե չի հաջողվել դրված խնդիրը հաղաթահարել, ուրեմն՝ պետք է հետևություններ անել, ուստի և փոփոխությունների գնալ։ Իսկ եթե այս քաղաքական առողջ տրամաբանությունն ունենային մի շարք այլ կուսակցություններ և հատկապես պետական գերատեսչություններ, մեր երկրում ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ։
Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Նախ՝ բոլորն էլ իրենց հաշվարկներում սխալվելու իրավունք ունեն, բայց երկրորդ անգամ նույն սխալը կրկնել չի կարելի։ ՏԻՄ ընտրությունները և հատկապես Վանաձորում արձանագրված արդյունքները պետք է դաս լինեն նորաստեղծ, բայց կարճ ժամանակում քաղաքական դաշտում բավականին բարձր վարկանիշ ձեռք բերած ընդդիմադիր ուժերի համար, հատկապես, եթե ՀՀԿ-ի դեմ այս ընդդիմադիր ուժերի պայքարն իսկապես անկեղծ է և ոչ թե ժողովրդի հույզերի շահարկում։ Ուրեմն, եթե հարկ է, պետք է միավորվել, եթե հարկ է, պետք է ինչ-որ տեղ մի կողմ դնել սեփական հաշվարկներն ու ամբիցիաները, այլ կերպ ասած՝ հարկավոր է փոխզիջել ու գալ ընդհանուր հայտարարի, և այդ դեպքում պայքարը ՀՀԿ-ի դեմ շատ ավելի արդյունավետ կլինի։
Սա չեղավ այս ընտրություններին, բայց հուսանք՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կդրսևորի բավականաչափ ողջամտություն իր սխալներից դասեր քաղելու, իր հնարավորությունները չգերագնահատելու առումով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել