Image result for turkish armyԹուրքիայում քրդամետ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ խոցել են F-16 կործանիչ ռազմական ինքնաթիռը։ Իհարկե, թուրքական մեդիան շտապել է հերքել այս տեղեկատվությունը՝ այն որակելով քրդական մեդիայի հերթական սուտը։ Տեղեկատվության իսկությունը ցույց կտա ժամանակը և լրատվական այլ օբյեկտիվ աղբյուրների հիմնավորապես հերքող կամ հաստատող լուրերը։ Բայց մինչ այդ պետք է նշել, որ PKK-ի հասցրած վնասը թուրքական թե՛ բանակին, թե՛ տնտեսությանը, հասնում է միլիարդավոր դոլարների։ Քուրդ զինյալների դեմ պայքարում F-16 ռազմական ինքնաթիռներն ամենից հաճախ են կիրառվում, թուրք-քրդական բախումների թեժացման այս գրեթե մեկ ու կես տարվա ընթացքում դրանք կիրառվել են տասնյակ հարյուրավոր անգամներ, դրանց մի թռիչքը հարյուր հազարավոր դոլարներ արժե։ Բայց, եթե փորձենք հասկանալ այդ կործանիչների մարտական արդյունավետությունը, ապա կհամոզվենք, որ դրանց գործարկման արդյունքում ամեն անգամ խոցվում է առավելագույնը մեկ-կամ երկու քրդական հենակետ, և զոհվում մի քանի զինյալ։ Իսկ այս կորուստները քուրդ զինյալները թուրքական բանակին պատճառում են ռազամավարական ուղղություններում ընդամենը ինքնաշեն պայթուցիկ նյութեր տեղադրելով և ուժայինների զրահապատ մեքենաները պայթեցնելով։
Ի՞նչ է ստացվում․ թուրքական կանոնավոր բանակը, որի գերհզորության մասին միֆեր են պտտվում, նույնիսկ ռազմական կործանիչ ինքնաթիռներով չի կարողանում PKK-ին այնքան վնաս հասցնել, որքան Արևմտահայաստանի լեռներում ծվարած այս պարտիզաններն ինքնաշեն պայթուցիկներով։ Սա արդարացված կլիներ, եթե մենք ապրեինք 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին, երբ պարտիզանական պատերազմն իրեն արդարացնում էր։ Հիմա պատերազմի էությունը փոխվել է, և Թուրքիայի նման հզոր բանակ ունեցող երկրի համար իսկապես շատ հեշտ պետք է լիներ «քուրդ ահաբեկչներին» արմատախիլ անելը։
Այստեղ երկու բացատրություն կարող է լինել՝ ա. թուրքական իշխանությունները քուրդ զինյալների դեմ պայքարելու ձևական խաղ են տանում՝ քրդական գործոնը դարձնելով ներքին քաղաքական շահարկումների առարկա, և բ. թուրքական բանակի պրոֆեսիոնալիզմի մասին պնդումներն ընդամնեը կարծրատիպ են, որոնք ջարդեցին քրդերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել