Image result for ՏԻՄ ընտրություններՏԻՄ ընտրություններն ավարտվեցին։ Կարելի է անել առաջին եզրակացությունները, առաջին՝ ընտրական գործընթացները նույն մակարդակի վրա են մնացել Հայաստանում՝ բացառությամբ մի քանի դրական միտումների, որոնց նույնպես կանդրադառնամ այս գրառմանս մեջ։
Առաջին՝ նույն են մնացել հատկապես ընտրակեղծարարությունների մեխանիզմներն ու դրանց նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը։ Նախ չափազանց վտանագավոր և անվերահսկելի է քաղաքացիներին տրվող ընտրակաշառքն ընտրություններից առաջ, ինչը նշանակում է, որ ընտրությունների սխալ ելքն ապահովող այս մեխանիզմը դեռ երկար մեզ հետ կգցի ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու ուղուց։ Իհարկե, մենք գիտենք, որ ոստիկանությունը կարող է ինչ-ինչ գործեր հարուցել, հետո մի քանի հոգու շատ քիչ, որոշակի դրամական տույժի ենթարկել, բայց դա մեծապես չի կարող ազդել ընտրական խախտումների նվազման վրա, քանի որ շատ թեթև պատիժ է, հատկապես որ ոչ բոլոր ընտրակեղծարարներն են պատժվում։ Բացի այդ՝ տասնյակ հարյուրավոր խախտումների բարձրաձայն, ակնհայտ արձանագրումները, լրագրողների աշխատանքի խոչընդոտումը չստացան համապատասխան իրավական արձագանք ոստիկանների կողմից։
Երկրորդ՝ մարդկանց հետաքրքրությունն այս ՏԻՄ ընտրությունների նկատմամբ աճել է։ Խոսքը մասնավորապես ընդդիմադիր զանգվածի մասին էր, որը մեծ ակտիվություն ցուցաբերեց, և հանրապետության մի քանի քաղաքներում ստացված արդյունքը բավականին լավ էր, չնայած, որ ամենացանկալին չէր։
Երրորդ՝ դիտորդներն ավելի պրոֆեսիոնալ ու սկզբունքային էին դարձել, նույնիսկ մի քանի ընտրատեղամասերում, որտեղ ընդդիմադիր ուժերի մի քանի դիտորներ կային, ընտրակեղծարարությունը, գոնե ընտրատեղամասի պատերից ներս չմտավ։

Եթե ամփոփելու լինենք, ապա ընտրական գործընթացներում միանշանակ կա առաջընթաց, բայց ոչ թե շնորհիվ պետության սկզբունքայնության, այլ դիտորդների, ընդդիմադիր ուժերի համառության և գիտակից քաղաքացիների աճի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել