Картинки по запросу unlikeՏառապել բոլորի աչքի առաջ

Տառապյալ ստատուսներ, հոգի կեղեքող երաժշտություն, տրագիկ ու դժբախտ գրվածքներով նկարներ, սրտաճմլիկ պատմություններ... Ծանո՞թ է, բոլորիդ Ֆեյսբուքյան կամ այլ սոց. ցանցում ընկերների ցուցակում կա՞ նման մեկը: Ձեր այս ընկերոջ ամեն մի քայլի տակ թաքնված ենթատեքստ կա, օգնության յուրահատուկ կանչ: Շատերը նյարդայնանում են մարդկանց նման վարքից, ոմանք ծաղրում, մյուսներն էլ խղճում և փորձում ինչ-որ բանով օգնել նրանց: Հավատացեք, սա սոցիալական ցանցի գլխավոր մեղքերից մեկն է, որից պետք է հեռու մնալ, դժվար թե իրական կյանքում ձեր շապիկի վրա գրեք «Ես լացում եմ, բայց ոչ ոք չի նկատում իմ արցունքները» կամ «Դու հեռացար, ես քո հետևից արդեն մեկ տարի է՝ լացում եմ...» ու դուրս գաք փողոց այն հույսով, որ «նա կնկատի դա», մինչև նա, ձեզ «կխղճան» հազարավոր մարդիկ, ովքեր կոպիտ ասած թքած ունեն ձեր լացի ու ողբի վրա: Նրանց քննարկման թեմա մի տվեք ու մի դարձեք համընդհանուր տառապանքի կենտրոն: Ձեր վիշտը միայն ձերն է, ուրիշ ոչ մեկինը, նրանց իրենց խնդիրներն էլ բավական են:

Ջնջվել, հետո նորից վերականգնվել

Ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա բարկանալ, ջնջել ձեր էջը սոցիալական ցանցից կամ ապաակտիվացնել, հետո մի քիչ հանգստանալ, նորից վերականգնվել, նորից ջնջվել... և այդպես անվերջ, մինչև ընկերները «չնկատեն» ու սկսեն ձեզ «համոզել», որ չջնջվեք: Կա՛մ դա նոր կյանք սկսելու անհաջող փորձեր են, կա՛մ էլ ուշադրություն գրավելու միջոց, բայց երևի թե երկրորդը ))) Բայց ինչ էլ որ դա լինի, ինչի հետևանք էլ որ լինի, կողքից հիստերիայի տպավորություն է թողնում, հատկապես տղամարդկանց մոտ: Նման վարքի հակված են մարդիկ, ովքեր իրենց «արվեստի մարդ» են համարում կամ փորձում համարել:

Տրոլինգ

Ծաղրել «ընկածներին» և ինքնահաստատվել թույլ մարդկանց հաշվին: Մարդ տեսակի այս անշնորհք զբաղմունքի հիմքում նրա բազմաթիվ կոմպլեքսներն են, պահանջմունքը ինչ-որ մեկից բարձր լինելու, ինքնահստատվելու: Իսկ քանի, որ իրական կյանքում այդ կոպլեքսները հաղթահարելն ու ուրիշներին ծաղրելու հաշվին ինքնահաստատվելը շատ դժվար է, միակ գործող տարբերակը ինտերնետն է մնում: Մինչ գործունյա մարդիկ իրական կյանքում են պայքարում անարդարությունների դեմ, տրոլինգի սիրահարները, ուրիշ ոչնչի ունակ չլինելով, շարունակում են համացանցում մարդկանց նյարդերը ուտել:

Ուրիշի նկարները սեփական նկարների տեղ ներկայացնել

Սա թերևս մեր օրերում ամենատարածված «համացանցային մեղքն է», երբ մարդը, ինչքան էլ տխուր է, բայց գիտակցում է, որ ինքն այնքան էլ գեղեցիկ ու գրավիչ չէ կամ ինչ-ինչ պատճառներով բարդույթավորվում է սեփական արտաքինից ու ուրիշի նկարների հետևում թաքնվելով`փորձում է գրավել համացանցը: Ու սարսափելի է հատկապես այն, երբ այդ նկարները ոչ թե ինչ-որ աստղերի կամ մոդելների նկարներ են, այլ սովորական օգտատիրոջ էջից գողացված:

Ընկերներին վարկաբեկող նկարների վրա նշել

... բնականաբար, առանց նրանց համաձայնության ու տեղյակ պահելու: Tag արեցիք ու վերջ, ով օնլայն էր նրա ընկերներից, իմացավ, որ նա կիրակի գլխիվայր գարեջուր էր խմում, աղջիկներին գրկած պարում էր... և այլն: Սոցիալական ցանցերը մեր գիտակցության մեջ ջնջել են անձնական կյանք-հասարակական կյանք սահմանը ու դա սարսափելի է:

«Փորփրել» նախկինների պրոֆիլները

Առավոտից երեկո նրանց էջերով վեր ու վար անել այն հույսով, որ մի ապացույց կգտնեք, որ նա ձեզ դեռ հիշում է ու տառապում: Կամ էլ ավելի վատ` ֆեյք էջեր եք ստեղծում ու սկսում նրանց «խոսացնել»: Եթե փակել եք ձեր կյանքի այդ դուռը, էլ մի փորձեք պատուհանով ներս մտնել: Մոռացեք: Հանգիստ թողեք նրանց:

Տարաբնույթ մրցույթների համար լայքեր խնդրել

Վերջապես հասանք սոցիալական ցանցերի «ամենացավոտ» թեմային` լայքերի մուրացիկներ: Սա մարդկանց հատուկ տիպ է, որի դեմ մարդկությունը դեռ «զենք» չի գտել: Աստված ոչ անի, Ֆեյսբուքում մեկնարկի «Իմ ամենասիրուն հարևանի աղջիկը» մրցույթը, վերջ, սկսվեեեեեց, ծանոթ-անծանոթ կգրեն «Im hamar shat karevor e, mer harevan Vazgeni axjiky masnakcum e mrcuyti, likeq XNDRUM em», խնդրում են ու խնդրում, գրում ու գրում, այդպես էլ չհասկանալով, որ անվճար գովազդ են անում ինչ-որ ընկերության, որի միակ նպատակը իրենց հարևան Վազգենի աղջկա գեղեցկության բացահայտումը չի, այլ իր բրենդի առաջխաղացումը այլ մարդկանց նյարդերի հաշվին: Հեռու մնացեք մեղքերից և՛ իրական, և՛ վիրտուալ կյանքում... Ի դեպ, վերջերս խիստ նորաձև «վիրտուալ աղոթքները» չեն ազատում ձեզ ձեր գործած մեղքերից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել