1986 թ.-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում պայթյուն որոտաց: Աշխարհը պատվեց ռադիոակտիվ ամպով: Երբեմնի բնակեցված քաղաքը դարձավ արգելված գոտի, իսկ դրա բնակիչները հաշված ժամերի ընթացքում լքեցին իրենց տները: Այդ սարսափելի օրվանից արդեն 30 տարի է անցել: Երբ գիտնականները որոշեցին պարզել, թե ներկայումս ինչ վիճակում է տեղի բնությունը, ապշեցին իրենց բացահայտածից:

Պարզվեց, որ տեղի ֆաունան ոչ թե չորացել ու վերացել է, այլ հակառակը՝ համալրվել է նոր տեսակներով, որոնք մի ժամանակ ոչնչացման եզրին էին կանգնած: Չեռնոբիլի գոտում շատացել են եղնիկները, որմզդեղները, ինչպես նաև գայլերը, որոնց արդեն երկար ժամանակ չէին տեսել այդ շրջաններում:

Ամենասենսացիոնը եղավ հազվագյուտ համարվող սև արագիլների և գորշ արջերի բացահայտումը: Նրանք ընդհանրապես անհետացել էին բնապահպանական ցուցակներից դեռևս անցած դարի 80-ականներին: 

«Գայլի առաջին հետքերը մենք ֆիքսել էինք դեռևս 2003 թ.-ին, բայց այդ ժամանակ չհավատացինք մեր փաստերին»,- անկեղծանում է գիտնականներից մեկը:

Դրանից բացի՝ զարմանալի է այն, որ Չեռնոբիլում իսպառ բացակայում են մուտանտ կենդանիները: Ոչ մի երկգլխանի կամ երկպոչանի արարածներ կամ շեղումներով գազաններ այստեղ չեն հայտնաբերվել:

Մեծ ձեռքբերում էր նաև եվրոպական լուսանի վերածնունդն այս տարածքում: Այդ կենդանին հայտնվել էր Կարմիր գրքում, բայց կար ժամանակ, երբ նրանցով բնակեցված էին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի անտառները: Կենդանիների հայտնի թանկարժեք մորթու պատճառով 20-րդ դարի երկրորդ կեսին նրանք ամբողջովին վերացել էին եվրոպական տարածաշրջանից:

Գիտնականները նաև Եվրոպական արջի են հանդիպել անտառներում, որին այդ տարածաշրջանում տեսել էին 100 տարի առաջ: 

Գիտնականների խոսքերով՝ գաղտնիքն ամենևին էլ ռադիացիայի բուժիչ ուժի մեջ չէ, այլ ավելի շուտ մարդու՝ այդ հատվածում կենսագործունեության բացակայության մեջ: Այդ կենդանիները, կարելի է ասել, ապաստան են գտել այդ հատվածում, քանի որ այնտեղ մարդիկ չեն ապրում: Ռադիացիոն արգելոց դարձած Չեռնոբիլին այսօր մարդիկ կարող են հետևել այնտեղ տեղադրված 40 թակարդ-տեսախցիկներով, բայց այնտեղ բնակություն հաստատել դեռ երկար ժամանակ չեն կարողանա: Ինչ-որ տեղ դա նաև լավ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել