Chanel № 5 ՝  ամենաշատ վաճառվող բույրն աշխարհում 1921թ. սկսած: Այն դուրս է ժամանակից ու վեր է նորաձևությունից:

Բույրի ստեղծման գաղափարը Շանելի մոտ ծնվել է դուքս Դմիտրիի, նկարիչ Խոսե Մարիա Սերտի և և նրա կնոջ՝ Միսեի հետ Մոնտե Կարլոյում ունեցած զրույցի ժամանակ: Այդ ժամանակ կուտյուրյեները դեռ բույրերի ստեղծմամբ չէին զբաղվում այնպես, ինչպես հիմա է դա նորաձև: 

Նիկոլայ 2-րդ արքայի զարմիկ դուքս Դմիտրին տիկնոջը ծանոթացրել էր  արքայական ընտանիքի համար օծանելիքներ ստեղծող ծնողների զավակ՝ Էռնեստ Բոյի հետ:

Էռնեստ Բո-պարֆյումեր, Chanel № 5-ի հեղինակը

Զրույցի ժամանակ Շանելը հայտարարում է, որ ցանկանում է կանանց համար ստեղծել մի բույր, որը կդառնա հենց կնոջ բույրը և նման չի լինի բոլոր մյուս բույրերին: Եվ Էրնեստ Բոն ստեղծեց աշխարհը գլխիվայր շուռ տված բույրը, որը նման չէր այդ պահին գոյություն ունեցող ծաղկաբույր մնացած օծանելիքներին: Օծանելիքի մեջ մտնում են 80 բաղադրիչ, որոնցից և ոչ մեկը գերիշխող չէ. հավասարաչափ են ժասմինի, ներոլի և մայիսյան վարդի եթերային յուղերը:

«№5»  անվանումը ընդամենը նմուշի համարն էր, որը Շանելին ներկայացրել էր Էռնեստ Բոն օծանելիքը ստեղծելու փուլում: Հետագայում այն մնաց որպես լեգենդար օծանելիքի անվանում, որը հեշտ է հիշել ու ենթակա չէ թարգմանության՝ ամեն ինչ պարզ, հասկանալի, տպավորվող ու երբեք չմոռացվող: Սրվակի դիզայնը անձամբ մշակել և ստեղծել է Կոկո Շանելը: Իր խիստ եզրագծերով և կլորացված անկյուններով սրվակը դեղատուփի շիշ է հիշեցնում, իսկ կափարիչը հիշեցնում է Փարիզի Վանդոմ հրապարակի տեսքը):

Օծանելիքի սրվակն իր պարունակության նման վեր է ժամանակի ու նորաձևության պահանջներից: Այն երբեք չի հնանում, դուրս չի մնում նորաձևությունից: Այն հավերժ պահանջված է ու ամենաշատը վաճառվողն իր ստեղծման օրից առ այսօր ամբողջ աշխարհում: Սակայն համաշխարհային պարֆյումերիայի առաջատարը դառնալուց առաջ Chanel № 5-ը սկզբնական շրջանում հետաքրքրեց միայն ամերիկացիներին ու ճապոնացիներին: Փարիզի ազատագրումից հետո սովետական զինվորները ժամերով հերթ էին կանգնում Կամբոն փողոցի վրա գտնվող օծանելիքի բուտիկի դիմաց՝ հուսալով իրենց սիրելիների համար ձեռք բերել Chanel № 5-ի թեկուզ ամենափոքր սրվակը:

 Chanel № 5-ը լեգենդար օծանելիք է և արդեն վաղուց դասվել է արվեստի դասական նմուշների շարքը՝ որպես պարֆյումերիայի պատմության մեջ անգերազանցելի մի գոհար թե՛ բույրի և թե՛ նրա պահանջվածության պատճառով: Իսկ 1954թ. լրագրողի այն հարցին, թե ինչ է սիրում Մերլին Մոնրոն հագնել քնելու համար, Մոնրոն պատասխանեց՝ «ընդամենը մի քանի կաթիլ Chanel № 5»: Այդ պահից Chanel № 5-ն ընդմիշտ ու առանց վաղեմության ժամկետի դաջվեց պատմության մեջ:

Chanel № 5-ը նաև 20-րդ դարի խորհրդանիշ են համարում, իսկ 1959թ. այն դարձավ  Նյու Յորքի  ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցանմուշ՝ որպես աշխարհում ամենաճանաչված սրվակ, իսկ նկարիչ Էնդի Ուորխոլը նկարների մի ամբողջ շարք է նվիրում Chanel № 5-ին:

Նյութը՝ Արմինե Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել