Exclusive

Սեպտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը` WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) որդին: Հայր դառնալուց հետո Արթուր Աբրահամը հարցազրույց է տվել BlogNews-ին և պատմել նորածին որդու, իր զգացողությունների և ընտանիքի մասին: Քչախոս Արթուրը զրույցի ընթացքում քանիցս նշեց, որ շատ երջանիկ է, կինն ու որդին իրենց շատ լավ են զգում։

- Արթուր, ի՞նչ փոխվեց այն պահից, երբ իմացաք, որ հայր եք դառնալու։

- Մեծ ուրախություն ապրեցի և սկսեցի սպասել երեխայի լույս աշխարհ գալուն:

- Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ գրկեցիք Ձեր փոքրիկին։

- Աննկարագրելի երջանկություն է հայր լինելը:

- Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է նման փոքրիկը։

- Ինձ է նման` մուգ աչք-ունքով, մազերի գույնով:

Երեխայի դաստիարակության հարցում որո՞նք են կարևոր սկզբունքները, որ առաջնորդելու են Ձեզ։

- Երեխան պետք է հայրենասեր լինի, սիրի ընտանիքը, հարգալից լինի, ազնիվ, աշխատասեր, ուժեղ լինի, օգնի և պաշտպանի թույլերին…

- Դուք շատ էիք ցանկանում, որ Ձեր առաջնեկը տղա լինի։ Ինչո՞ւ, հայկական ավանդական ցանկությու՞ւն է, թե՞ այլ առիթ ունեիք:

- Այլ առիթ չկա, պարզապես ուզում էի տղա ունենալ: Աղջիկ, թե տղա՝ բոլոր երեխաներն էլ սիրելի են, սակայն երազում եմ 3 որդի ունենալ: Այնպես որ, երեք որդով հաստատ սեղան կնստեմ և գուցե ավելին:)

- Փոքրիկի համար գնումներին մասնակցե՞լ եք, թե այդ ամենը վստահել եք նրա մայրիկին։

- Գնումներն արել ենք ամբողջ ընտանիքով:

- Հետագայում Գրիգորին տեսնո՞ւմ եք որպես Ձեր մասնագիտական ուղին շարունակող։

- Նա ինքը պետք է որոշի իր ապագա մասնագիտությունը, ես միայն կարող եմ օգնել, խորհուրդներ տալ:

- Ձեր որդին լույս աշխարհ եկավ Գերմանիայում։ Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը, որ նա Գերմանիայում ծնվի։

- Ես ապրում եմ Գերմանիայում, այստեղ եմ մարզվում, ահա թե ինչու որդիս այստեղ լույս աշխարհ եկավ:

- Ե՞րբ եք նախատեսում կրկին գալ Հայաստան։

- Առայժմ չգիտեմ, սակայն ընտանիքիս հետ անպայման գալու եմ Հայաստան։

Արթուր, տևական ժամանակ է՝ ամուսնացած եք։ Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում ամուսնությունից հետո։

- Ընտանիք, երեխա ունենալը լիակատար երջանկություն է:

Սովորաբար, մի տանիքի տակ ապրելիս նորովի են բացահայտում կողակցին։ Դուք ի՞նչ բացահայտումներ եք արել Մերիի մեջ։

- Մենք անընդհատ լավ կողմեր ենք բացահայտում միմյանց մեջ:

- Այս շրջանում Ձեր ուշադրությունն ավելացե՞լ է Ձեր կնոջ հանդեպ։ Ինչպիսի՞ ամուսին է Արթուր Աբրահամը։

- Անշուշտ, ուշադիր եմ, բայց կդժվարանամ ինքս ինձ բնութագրել:

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել