Սուրբ Վալենտինի տոն

Բոլորս էլ գիտենք, որ փետրվարի կեսին հրաշալի հնարավորություն է ընձեռնվում մեր երկրորդ կեսերին ուրախացնելու: Սաուդյան Արաբիայում Սուրբ Վալենտինի տոնը նշելն արգելվում է, և որպեսզի մարդիկ չխախտեն այս և մի քանի նման այլ կանոններ, այստեղ գործում է կրոնական ոստիկանություն: Այս օրը կանանց արգելվում է կարմիր հագուստ կրել: Եթե դրսում կրոնական ոստիկանները կարմրազգեստ որևէ կին են տեսնում, ապա միանգամից նրան ետ են ուղարկում տուն՝ հագուստը փոխելու:

 

Սոցիալական միախառնումներ

Սաուդյան Արաբիայի ռեստորաններում հստակ գործող կանոն կա: Առանձնացված են երկու հատվածներ. մեկը՝ խմբային (ընտանիք կամ տղամարդկանց խումբ), մյուսը՝ միայնակ այցելությունների համար: Մաքդոնալդսում և արագ սննդի այլկետերում միշտ երկու շարքով են հերթեր գոյանում՝ կանանց և տղամարդկանց: Իսկ որոշ սուպերմարկետներ կանանց թույլ են տալիս մուտք գործել միայն զուգընկերոջ ուղեկցությամբ:

 

Կինոթատրոններ

Կինոթատրոններ կան, որոնք առանձին երկու սրահներ ունեն՝ կրկին կանանց և տղամարդկանց համար: Մի շարք նոր ֆիլմեր անգամ չեն էլ հասնում կինոթատրոններ, քանի որ իրենց մեջ պարունակում են այնպիսի տեսարաններ կամ կերպարներ, որոնք այստեղ «հարամ» են համարվում՝ մեղք:

 

Խոզի միս

Սա արգելված է նաև մյուս մահմեդական երկրներում, սակայն Սաուդյան Արաբիան դուրս է եկել սահմաններից. այստեղ ոչ միայն արգելվում է խոզի միսը որպես սնունդ օգտագործել, այլ նաև չի թույլատրվում խոզ բուծել:

 

Երաժշտական կրթություն

Երաժշտությունն արգելված չէ երկրում, սակայն այն լսել կարող եք միայն սեփական տանը: Առևտրի կենտրոններում քար լռություն է տիրում: Իսկ ինչ վերաբերում է կրթությանը, դպրոցներում և համալսարաններում երաժշտական կրթություն չեն ստանում: Երգել կամ որևէ գործիքով նվագել սովորելու համար ստիպված եք կա՛մ մասնավոր ուսուցիչներ գտնել (որն այնքան էլ հեշտ չէ Սաուդյան Արաբիայում), կա՛մ էլ գնալ արտասահման: Չնայած այս ամենին՝ այնտեղ գոյություն ունեն մի քանի ռոք խմբեր, որոնք աշխատում են պաշտոնյաների աչքին չերևալ:

 

Սպորտը՝ կանանց համար

Առաջ գոյություն ունեին ընդամենը մի քանի սպորտային կենտրոններ, որտեղ կանայք կարողանում էին մարզվել օրինական կերպով: Սակայն որոշ ժամանակ անց կրոնական ոստիկանությունը «նրանց էլ հասավ»: Դպրոցներում աղջիկները ֆիզկուլտուրա առարկան չեն անցնում, որն էլ իրականում շատ վատ ազդեցություն է թողնում թույլ սեռի առողջության վրա: Սաուդյան Արաբիայի օլիմպիական կազմում ընդամենը երկու կին կա, և երկուսն էլ ծնվել ու մեծացել են ԱՄՆ-ում:

 

Յուրաքանչյուր կրոն՝ բացի իսլամից

Մահմեդականները շատ զգայուն են իրենց հավատքի վերաբերյալ: Եթե մարդը հրաժարվում է իր հավատքից կամ ցանկանում է ուրիշ կրոն ընդունել, ապա նրան մահապատիճ է հասնում: Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիայում ավելի լավ է լեզուն ատամների արանքում պահել, եթե խոսքը գնում է հավատքի մասին, հակառակ դեպքում կարող եք ուղղակի սխալ բաներ բերանից դուրս թռցնել:

Աշխատող կանայք

Ո՛չ, նրանք դատապարտված չեն հավերժ անգործության: Նրանք նույնպես կարող են աշխատել, բայց միայն հատուկ վայրերում: Հիմնականում կանայք աշխատում են կրթության կամ բժշկության ոլորտում: Վերջերս նրանց թույլատրվեց աշխատել նաև սուպերմարկետներում՝ դրամարկղերի մոտ: Այնտեղ, որտեղ կա ինժեներիա, արդյունաբերություն կամ իրավաբանություն, կանանց չեք տեսնի: Անգամ ներքնազգեստի խանութներում աշխատում են միայն տղամարդ խորհրդատուներ:

 

Կանայք, որոնք ճանապարհորդում են առանց թույլատվության

Կինը չի կարող միայնակ ճանապարհորդել, եթե չունի հատուկ թույլտվություն, որը տալիս է կա՛մ նրա ամուսինը, կա՛մ խնամակալը: Միակ եղանակն այս սահմանափակումը շրջանցելու 45 տարեկանին սպասելն է: Այդ տարիքից հետո կնոջը ճանապարհորդելու համար ոչ մի հատուկ թույլտվություն էլ պետք չէ:

 

Կին վարորդներ

Սա այն եզակի արգելափակումներից է, որի դեմ մահմեդական կանայք փորձել են պայքարել: Կինը կարող է մեքենա վարել միայն մասնավոր բնակավայրերում և անապատում: Մնացած դեպքերում կինը կարող է հայտնվել կրոնական ոստիկանության ուշադրության կենտրոնում: Վերջիններս կարծում են, որ մեքենա վարելու համար կանայք հաճախ են սկսում բացակայել տանից, կարող են հանդիպել այլ տղամարդկանց հետ, որն էլ կարող է հասցնել մահապատժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել