Վերջերս Սիրուշոն նոր տեսահոլովակ թողարկեց, որտեղ նա՝ որպես շատ հայրենասեր աղջիկ,  հայ մարտիկներին քաջալերող տրամադրություններով ներկայացավ: Շատ լավ բան է արել, դե իհարկե,  պետք է ոգևորել մեր մարտիկներին, մեր պաշտպաններին, բայց կարծում եմ՝ Սիրուշոն այս քայլով արեց նույնը, ինչն անում էին շատ-շատերը ապրիլյան պատերազմի օրերին, երբ զինվորական հարդերձանքներով սելֆի էին անում ու այդպիսով իրենց հռչակում հայրենասեր:

Մեկը հարցներ. ինչ կապ ունես դու, Սիրուշո՛, զինվորական այս համազգեստի հետ: Դու արդեն 20 տարի է՝ բեմի վրա ես, բայց քո կյանքում (չհաշված 7-8 տարեկան հասակում  մի երկու կատարում Երգի պետական թատրոնի շրջանակներում)  երբեք ու ոչ մի առիթով ոչ մի զորամասում ելույթ չես ունեցել: Ավելին՝ դու միակ արտիստն  ես մեր հայկական շուբիզնեսում, ով երբեք ու ոչ մի անգամ Արցախում ելույթ չի ունեցել:

Դու խոսում ես հայրենասիրության մասին, բայց, չգիտես ինչու, գերադասում ես ապրել հայրենիքից հեռու, դու ասում ես, որ արտագաղթը պիտի վերանա, բայց երկու երեխա ես ունենում ԱՄՆ-ում, որպեսզի երեխաներդ չկրեն այս «խղճուկ», «աղքատ», « անհեռանկար» ու թալանված (որովհետև լավ ես ճանաչում թալանողներին)  երկրի քաղաքացիությունը: Ապրիլյան օրերին մեր ազգը ուշի-ուշով հետևում էր քո և քո ընտանիքի մյուս անդամների պահվածքին: Դուք լուռ էիք՝ մեծից փոքր: Ու անգամ երբ ամբողջ աշխարհը ուղղվեց դեպի Արցախ, երբ իրեն հարգող ամեն հայ իր պարտքը համարեց  մի բանով օգնել Արցախին, գնալ Արցախ, քո՝ արցախցիներից կազմված ընտանիքից ոչ ոք դա չարեց: Այդ դեպքում հիմա ու՞մ է պետք քո այս կեղծ պահվածքը: Չնայած, եթե դու զինվորական համազգեստով նկարվում ես միայն նրա համար, որ ներկա պահին այն ամենահարգվածը, ամենասիրվածն  ու «ամենաթրենդայինն» է, դա արդեն ուրիշ բան… Դա արդեն կոչվում է սպառողի վրա աշխատել, բայց ոչ՝ հայրենասիրություն: Դա արդեն կոչվում է բիզնես՝ ՇՈՈՒ  բիզնես:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել