Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղակայվել է 54 լուսատու՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1,900մ ընդանուր երկարությամբ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարարյանը  և համայնքի բնակիչները:

 

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

«Աշխարհի առաջադեմ երկրների օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լուծումների մշակումն ու կիրառումը: Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը և սպառողական ապրելակերպի մերժումը մարդու, ազգի, երկրի ինքնագիտակցության մակարդակի լավագույն ցուցիչներն են: Ֆինանսական խնայողության հնարավորություն ընձեռելուց բացի՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարևոր քայլ է դեպի ավելի պատասխանատու և բարեկիրթ ապրելակերպ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը:

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել