Մեր մշակութային արժեհամակարգը տարիներ շարունակ ոչնչացվում է: Այդ կոնտեքստում զարմանալի չէ, որ կրիմանալ սերիալային աղբով լեցուն եթերում ավելացել է ռաբիս «երաժշտության» քարոզչության համար նախատեսված հաղորդում: Ընդհանրապես մշակույթը կարևորագույն նշանակություն ունի հասարակության արժեհամակարգի ձևավորման համար: Մշակույթի և արվեստի գործիչները կամ մտավորականները շատ դեպքերում լինում են այն լուսավորչական և կազմակերպչական ուժը հասարակության շրջանում, որոնք առաջ են տանում հասարակական գործընթացները: Օրինակ` Խորհրդային տարիներին՝ տարբեր երկրներում դիսիդենտական պայքարի ժամանակներում, դիսիդինետների զգալի մասը մշակութային գործիչներ, գիտնականներ կամ արվեստագետներ էին: Հաշվի առնելով մշակույթի հսկայական նշանակությունը հասարակության մոտ արժեհամակարգի ձևավորման առումով՝ ներկայիս համակարգը, բնականաբար, ամեն ինչ անում է, որպեսզի հասարակության մշակութային կամ արժեհամակարգային սնուցման աղբյուրները լինեն կրիմինալ սերիալները, տարատեսակ Քարե դարդերը, Սպիտակցի Հայկոները, Լիլիթ Հովհանիսյանները կամ Արմենչիկները՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Պատճառը պարզ է: Դեգրադացված հասարակությունը, որը զուրկ է մշակույթից, արժեհամակարգից և որպես հետևանք՝ ներքին դիմադրողականությունից, իրենց համար լավագույն հենարանն է: Վերջիվերջո, նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավոր Վիկտոր Ֆրանկլն է ասում, որ գործնականում «կենսաբանական զանգվածը» ամենակառավարելի զանգվածն է ցանկացած իշխանության պարագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել