Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «ապաշնորհ մոնտաժ» է որակել համացանցում տարածված այն ձայնագրությունը, որտեղ իբրև թե քննարկում է Վրաստանում իրադարձությունների զարգացման հեղափոխական սցենարների հարցը:

Աուդիոձայնագրության մեջ Սաակաշվիլիի ձայնով մարդը զրուցակիցների հետ քննարկում է ապագայի պլանները: Ընդ որում՝ զրուցակիցների ձայները նման են «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդներին՝ Ակակի Բոբոխիձե, Նուգզար Ցիկլաուրի, Պետրե Ցիսկարիշվիլի, Ակակի Մինաշվիլի և Գիգի Ծերեթելի:

Ձայնագրության մեջ Սաակաշվիլիի ձայնով մարդն ասում է. «Հեղափոխական սցենարները անհրաժեշտ են: Մենք ունենք պարտված տեսք, ինչի համար էլ անհրաժեշտ է մոբիլիզացնել ավելի շատ մարդ»:

Բոբոխիձեի ձայնով մարդն էլ իր հերթին առաջարկում է ստեղծել 200-հոգանոց խումբ, կազմակերպել բողոքի ակցիաներ և վրաններ տեղակայել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վրա:

Իր Facebook-ի էջում մեկնաբանելով այս ձայնագրությունը՝ Սաակաշվիլին նշել է. «Իվանիշվիլին նման ապաշնորհ մոնտաժով ցանկանում է խուսափել իր անխուսափելի պարտությունից: Նրան չի հաջողվի հիմարացնել մեր ժողովրդին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել