Դեռ խորհրդարանական ընտրություններից ավելի ու ավելի ակտուալ է դառնում դիտավորյալ անվավեր դարձրած քվեաթերթիկների խնդիրը, ու դրան զուգահեռ բարձրանում է այն հարցը, որ անարդարացիորեն դեռևս չի արժանացել բավարար ուշադրության ու քննարկման։ Խոսքը քոչարյանածին սահմանադրական ռեֆորմի հետևանքով «բոլորին դեմ» տարբերակի հանման մասին է, որը արդարացված քայլ էր միմիայն գործող իշխանությունների համար ու ուղղակիորեն հակասում էր ժողովրդական շահերին։
Կեղծ արգումենտացիայով ու շինծու ճառերով մարդկանց համոզում են, որ դա իրականում բխում էր հենց ժողովրդի շահերից, որ դա մեզ էլ ավելի էր մոտեցնում իրական ժողովրդավարությանը, իսկ իրականում լուծվեց միայն մեկ հարց՝ իշխանություններին տրվեց գրեթե անխոցելի կարգավիճակ, երբ ընդդիմությունը գրեթե բացակայում է կամ չափից ավել թույլ է, իսկ իշխանությունները ոչ մի մտավախություն չունեն, որ ժողովուրդը որևէ այլ մեխանիզմներով կարող է էապես ազդել իրենց վերարտադրության վրա, որովհետև եթե «բոլորին դեմը» հստակ վտանգ էր ներկայացնում իրենից ու էական խնդիրներ էր ստեղծում իշխանությունների համար, թեկուզ հենց միայն նրանով, որ որոշակի տոկոս բոլորին դեմ քվեարկած մարդկանց դեպքում ընտրություններն անվավեր կարող էին ճանաչվել, իսկ հիմա անվավեր քվեաթերթիկները պարզապես հանվում են ընդհանուր թվից ու միայն վավերների արդյունքների վրա են տոկոսային հաշվարկներ անում։
Իսկ այն հեքիաթները, թե բա նոր ընտրությունները հարկատուների փողերից էլ ավելի շատ կտանի՜, ընտրությունների ժամանակ մենք խոցելի են դառնո՜ւմ. ժողովրդը պառակտվում է՜... Այդ ամենը իհարկե կա, բայց անհամեմատ ավելի շատ փող է ծախսում այս կամ այն չինովնիկը՝ ընտրվելու կամ վերընտրվելու համար, առաջին հերթին չինովնիկին է վտանգ սպառնում, որովհետև արտաքին թշնամին, խփելով ժողովրդին, խփելու է նաև այն ամենաթանկին, ինչ նրանք ունեն՝ իշխանությանը, ժողովուրդն էլ էն գլխից էր պառակտված։ Պարզապես պետք է հասկանանք, որ իշխանությանն ավելի հեշտ է այսպիսի հեքիաթներով արդարացնել այդ խայտառակ որոշումը, քան թե նստել ու նենց քայլերի մասին մտածել, որոնք որոշակի լուծումներ կառաջարկեն այն խնդիրներին, որոնք ստիպում են մարդկանց բոլորին դեմ քվեարկել, այլ կերպ ասած՝ խոսելու տեղը գործով կզբաղվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել