Image result for Մեծամորի ԱԷԿԹուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, որն, ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի դստեր ամուսինն է, ելույթ ունենալով Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ Վիեննայում տեղի ունեցող Գլխավոր գագաթնաժողովում՝ անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին և կոչ է արել այն փակել: «Հայաստանում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ը սեյսմիկ ակտիվ գոտում է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի համար: Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի: Աշխարհը և տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ միջուկային աղետ, ինչը եղավ Չեռնոբիլում»,- հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Ալբայրաքին: Վերջինս նաև հիշեցրել է, որ Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է 47 տարի առաջ և գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա:
Վերջերս մեր հարևանները և հատկապես Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ավելի շատ են «անհանգստանում» Մեծամորի ԱԷԿ-ով: Սա նշանակում է, որ թուրք-ազերիական տանդեմը համապատասխան ծրագիր է առաջ տանում: Ադրբեջանի և Թուրքիայի համար անընդունելի է, որ իրենց կողմից շրջափակման ենթարկված Հայաստանը խորհրդային տարիներին կառուցված ԱԷԿ-ի շնորհիվ ճեղքեց էներգետիկ ճգնաժամը, և հիմա ամեն ինչ անում են, որ ատոմակայանը փակվի...
Իսկ մեր իշխանությունները լավ կլինի՝ ամեն ինչ անեն, որ իրոք «հնացած» Մեծամորի ԱԷԿ-ի փոխարեն կառուցեն նորը, քանի որ այս տարածաշրջանում Հայաստանն առանց ատոմակայանի էժան էներգիայի չի կարող գոյատևել: Ու այդ ծրագիրը պետք է իրագործել շատ արագ: Միայն նոր ատոմակայանի շահագործումից հետո կարելի է լուրջ մտածել Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին:
Հ.Գ. Մեծամորի ԱԷԿ-ը մենք պետք է փակենք ոչ թե թուրքերի, վրացիների կամ ադրբեջանցիների պահանջով, այլ մեր ցանկությամբ... Մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ անվտանգության համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել