Երաժշտական ճաշակը լավագույնս բնութագրում է մարդու խառնվածքը, ու դրա բազմազանությունը լավագույն ինդիկատորն է՝ հասկանալու, որ տվյալ մարդն ունի բազմակողմանի զարգացած, հախուռն բնավորություն: Ասենք, պատկերացրեք մարդ, ով բացի դասական երաժշտությունից՝ ոչինչ չի լսում, ինչ անհետաքրքիր կլինի չէ՞ այդ մարդու հետ երաժշտություն լսելը, ու որքան էլ մենք դասականը համարենք անառարկելի ու բարձրակարգ, միևնույնն է, ձանձրալի կլինի: Հնարավոր է գերադասել այս կամ այն ժանրը, բայց չժխտելով մնացած ժանրերի լավը լինելը՝ ամեն երաժշտություն ունի իր տրամադրությունն ու լսելու տեղը, ինչպես օրինակ՝ խոսակցական լեզուն: ՄԻ պահ պատկերացրեք` շուկայում ինչ դժվար կլինի ոսկեղենիկ հայերենով շփվել մարդկանց հետ, ովքեր ունեն ութամյա կրթություն, ու իրենց բան ու գործը կարտոֆիլ ու սոխ աճեցնելն է ու իրենց կյանքում ո՛չ պետք է եկել, ո՛չ էլ պետք կգա որևէ վայրում գործածել ոսկեղենիկը: Նույնն էլ երաժշտությունն է: Բոլոր ժանրերն իրավունք ունեն լինելու ու գտնելու իրենց սպառողին, բայց հստակ պետք է հնչեն այն վայրերում, որտեղ դա ճիշտ է անել: Թեկուզ օրինակը ռաբիսի վրա չբերենք... Պատկերացրեք՝ փաբում դասական երաժշտություն լինի միշտ կամ բարձրակարգ ռեստորանում՝ ռոք... Երկուսն էլ հիանալի, նույնիսկ կարելի է ասել քննարկման ոչ ենթակա ժանրեր են, բայց միևնույնն է, պիտի հնչեն համապատասխան վայրում ու պետք է ծառայեն իրենց նպատակին:
Ես, օրինակ, լսում եմ ցանկացած ժանրի երաժշտություն ու բոլոր ժանրերում էլ ունեմ իմ սիրելի երաժշտություններն ու կատարումները ու ըստ տրամադրության՝հնարավոր է՝ լսեմ թե՛ Սպիտակցի Հայկո և թե՛ Շոպենի-Nocturne Op.9 No.2-ը, ու թող մեկն ասի, որ ես վատ ճաշակ ունեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել