Image result for Նիկոլ ԷդմոնՔաղաքական նոր մշակույթի ձևավորման գործում, բնականանաբար, առաջնային դերը պատկանում է քաղաքական գործիչներին։ Նրանք պիտի լինեն պայքարը նախաձեռնողն ու կորդինացնողն այն արատավոր համակարգի դեմ, որն այսօր ստեղծվել է Հայաստանում։ Մի կողմ դնենք, որ դրա մասին այսօր խոսում են գրեթե բոլորը՝ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները, սակայն պրակտիկայում դա այսօր, ցավոք, անլուծելի խնդիր է դառնում քաղաքական ուժերի համար։ Իշխանությանը դնենք մի կողմ. ի վերջո, այդ իշխանության համար պայքարում նրանք ստիպված են գործադրել մաքսիմալ ջանքեր, որոնք շատ հաճախ հակասում են հնչեցվող գնահատակններին, ու արվում է ճիշտ հակառակը, թեպետ հենց նրանք են առաջինը գիտակցում դրանց վնասները։ Բայց կրկնում եմ՝ ցավոք, առայժմ դրա դեմ պայքարելը գրեթե անհնար է (ջհանդամ, թե երկրից տակը բան չի մնում):

Սակայն նոր քաղաքական մշակույթ ձևավորել ցանկանցողների մոտ, որոնք գործում են այս պահին ընդդիմադիր դաշտում, մեղմ ասած տարակուսելի է այն պահվածքը, երբ, չունենալով քաղաքական իշխանություն, նրանք թողնում են բան ու գործ ու սկսում գաղջ մթնոլորտը առողջացնելու փոխարեն միմյանց հոշոտել։ Դրա վառ օրինակը բոլորովին վերջերս արձանագրվեց Քաղաքացիական Պայամանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի և Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև։ Փոխադարձ հրաձգություն՝«էլ հին ու նոր, էլ հեր ու մեր» հռետորաբանությամբ։ Այս բանավեճը սկսվեց Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում, որտեղ մասնակցում են նաև ՔՊ-ն և ԼՀ-ն։ Այստեղ հանուն արդարության պիտի ասել, որ հաղթելու ավելի մեշ շանսեր ունի ԼՀ-ն, քանի որ Մարուքյանը Վանաձորից է՝ ընտրված մեծամասնական ընտրակարգով և քաղաքում իսկապես բավականին հարգված գործիչ է։ Սակայն դա չէ էականը։ Խնդիրն այն է, որ շատ հաճախ փոխադարձ քննադատությունը վեր է ածվում հայհոյախառն արտահայտությունների՝ ընդհուպ մինչև անձնական վիրավորանքի հասնող բառապաշարով։ Թե՛ Նիկոլ Փաշինյանը և թե՛ Էդմոն Մարուքյանը իսկապես մեծ գործ են անում քաղաքական մթնոլորտը առողջացնելու համար, սակայն, ցավոք, այս անգամ չդիմացան ու լծվեցին մեկը մյուսից ավելի ընդդիմադիր երևալու գործին։ Եվ եթե չլիներ Թևան Պողոսյանը, ով կրքերը հանդարտեցնելու համար պատգամավորներին հրավիրեց իր տուն՝ գինի խմելու ու Հայաստանի մասին իրենց մտորումների մասին զրուցելու, ապա իրավիճակը կարող էր իսկապես դուրս գալ հունից, ու կողմերն անցնեին փոխադարձ վիրավորանքների։ Շատ կարևոր էր նաև Թևանի գնահատականը այս դեպքին, որտեղ նա նշում էր, որ երկու պատգամավորներն էլ Հայաստանի քաղաքական կյանքի, մթնոլորտի ձևավորման ու փոփոխության համար ահռելի գործ են անում և չպետք է զբաղվեն իրար անխնա քննադատելով։ Նա պատրաստակամություն հայտնեց համակգործակցույան եզրեր գտնելու երկու քաղաքական ուժերի հետ, միևնույն ժամանակ նաև նշելով, որ չի պատրաստվում անդամակցել և ոչ մի ուժի։

Սա շատ գովելի ու իսկապես համարձակ քայլ էր, ու նաև շատ կարևոր էր, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Մարուքյանը չմերժեցին հրավերն ու վեր կանգնեցին իրենց ամբիցիաներից։ Երեկ տեղի ունեցած ընտանեկան ընթրիքի վերաբերյալ նկարները համացանցում իսկապես բազմաթիվ քննարկումների առիթ տվեցին, սակայն հիմնականում դրական շեշտադրմամբ։ Մի խոսքով, շնորհակալություն հայտնենք նախ Թևան Պողոսյանին նման բան նախաձեռնելու համար և շնորհակալություն հայտնենք նաև Էդմոն Մարուքյանին ու Նիկոլ Փաշինյանին՝ հուսալով, որ նմանօրինակ դեպքեր այլևս չեն կրկնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել