Картинки по запросу ոսկե հորդա«Տարտարոսի մարդիկ» կամ Մետաքսի Ճանապարհի տիրակալները

Կիրակնօրյա որոշակի հանգիստն ինձ ստիպեց մի փոքր փորփրել պատմաքաղաքական անցյալը և որոշ դրվագներ ու հետաքրքրիր փաստեր ներկայացնել մոնղոլների մասին: Ըստ իս՝ նրանք պատմության մեջ շրջադարձային դերակատարություն են ունեցել, իսկ հանրությունը բավականին սակավ տեղեկություններ գիտի մոնղոլների մասին:

Կփորձեմ ընդգծել ոչ չարչրկված և եզակի փաստեր:

Մոնղոլների քաղաքակրթության մեջ կարևոր որոշումներ կայացնողը կանայք էին: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով, կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել: Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին:

Մոնղոլներն առաջիններից էին, որ ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»: Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա:

Հասկանալով, որ նույնիսկ իր հզոր ռազմիկները չեն կարող կառավարել ու նվաճել ահռելի ծավալների հասնող Մետաքսե ճանապարհը, որը կազմում էր մոտ 6437 կմ, Չինգիզ Խանը երկրորդական ռազմավարություն մշակեց: Նա սկսեց ջախջախել ճանապարհին տեղակայված բոլոր արաբական ու թուրքական գաղութները, մինչև որ բոլոր քաղաքներն ու օազիսները կամ փլատակների էին վերածվում կամ հանձնվում: Սա բավականին երկար ժամանակ պահանջեց, և Չինգիզ Խանը նույնիսկ չհասցրեց տեսնել իր ծրագրի ամբողջական իրականացումը, սակայն երբ մոնղոլներին ի վերջո հաջողվեց տիրել ամբողջ Մետաքսե ճանապարհին, նրանք կառչեցին դրանից: 14-րդ և 15-րդ դարերում մոնղոլներն ամբողջովին գրավվել էին Մետաքսե Ճանապարհը:

Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը 1251թ.ին ստեղծել էր Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանը: Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այն մշակույթների վրա, որոնք գտնվում էին մոնղոլական ասպատակի տակ: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում և՛ ռուսների, և՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:

Հանդուրժողականությունը կարծես մոնղոլների ռազմավարություններից մեկն էր: Բազմաթիվ տարբեր ցեղերի ու մշակույթների մարդկանց նվաճելով ու տիրելով` նրանք օգտագործում էին նաև տվյալ մշակույթի առանձնահատկություններն ու սովորություններն ու զարգացնում էին իրենցը: Նրանք նույնիսկ տարբեր կրոնական հավատալիքներ ունեցքող ցեղերից կրոնական հարկ էին հավաքում:
Գրավված մարդիկ մոնղոլներին երբեմն թաթարներ էին անվանում: Սա այն պատճառով, որ մոնղոլներն իրենք իրենց «Թաթա» էին անվանում: Երևի մարդիկ հնչյուններն ավելի շատ նմանեցնում էին հռոմեական դիցաբանության մեջ դժոխքի անվանը` Տարտարոսին, իսկ «թաթար» նշանակում է «Տարտարոսի մարդիկ»:

Չինգիզ Խանի հաջողության գլխավոր հանգամանքներից կամ, ավելի ճիշտ, կազմակերպիչներից մեկը Սուբուտայն էր, ում ջանքերով էլ ստեղծվեց Մոնղոլական մեծ կայսրությունը: Սուբուտայը մոնղոլների գլխավոր ստրատեգն էր, ով տարբեր ռազմավարություններ էր մշակում պատերազմների ժամանակ, որոնք էլ մոնղոլներին հաղթանակ էին բերում: Նա ոչ միայն մոնղոլների, այլև աշխարհի պատմության ամենախելոք ռազմագետն էր, ամենահմուտ հրամանատարն ու ռազմական առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել