Ֆրանսիայում նախագահական ընտրություններին ընդառաջ հայ համայնքը պետք է որոշում կայացնի, թե ինչ պահանջատիրությամբ է հանդես գալու․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով 2017 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին հայ համայնքի ներգրավվածության և ազդեցության մասին՝ ասաց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը:
«Դեռ պարզ չէ թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան կուսակցություններից ինչ թեկնածուներ են առաջադրվելու, բայց գլխավոր թեկնածուների մասին արդեն գիտենք՝ Մարին Լե Պենն է՝ ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժի կողմից: Հանրապետական կուսակցությունից դեռ պարզ չէ՝ Սարկոզին կլինի՞, թե ոչ: Օլանդի թեկնածություն դնելն էլ դեռ պարզ չէ, բայց նրանց մասին են շատ խոսում»,-ասաց նա:
Խոսելով հայ համայնքի համար կարևոր թեմաների մասին՝ նա նշեց, որ Ֆրանսիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հիմա սպասվում է, որ Սենատը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը:
«Եթե դա էլ ընդունվի, հայերը պետք է Ֆրանսիայից պահանջներ ունենան Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ: Ղարաբաղի դեպքում առաջնահերթություն է անկախության ճանաչումը, և շատ հավանական է, որ թեկնածուներն իրենց կեցվածքը ներկայացնեն ընտրապայքարի ընթացքում Ղարաբաղի անկախության վերաբերյալ»,- ասաց Կայծ Մինասյանը:
Նա այս համատեքստում նշեց, որ արդեն ընտրությունների նախաշեմին կուրվագծվի, թե ինչպիսին կլինեն Թուրքիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները։
«Այդ երկուսն ազդեցություն կունենան նաև ֆրանսահայ գաղութի և հայկական հարցերի վրա»,- ասաց նա:
Կայծ Մինասյանը ներկայացրեց, որ Ֆրանսիայում գործում են 3 քաղաքական դպրոցներ՝ իշխանական, դը Գոլի ժառանգորդների և նեոպահպանողական:
«Առաջինի հետևորդները դեմ են, որ Թուրքիան մտնի Եվրամիություն, ազգային փոքրամասնություններին կարևորություն չեն տալիս, երկրորդի դեպքում՝ կարևորվում է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, նաև՝ ցանկանում են բոլոր պետությունների հետ լավ ունենալ: Երրորդի դեպքում՝ կարևոր է բոլոր փոքր պետությունների հետ լավ հարաբերություններ ունենալը: Կարևորն այն է, որ հայ համայնքը, այս ամենը հաշվի առնելով, իր հարաբերությունները կառուցի այդ դպրոցների քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: