Картинки по запросу ըմպելիք5 ըմպելիք, որոնցով չի կարելի դեղ խմել.

Մրգային հյութերն, իհարկե, օգտակար են ու շատ վիտամիններ են պարունակում, սակայն դրանցով դեղեր խմել խորհուրդ չի տրվում: Գիտնականների խոսքով՝ հետևյալ հինգ ըմպելիքները կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը:

Թուրինջի հյութ

Թուրինջի հյութը ռեակցիայի մեջ է մտնում առնվազն 40 տարբեր դեղերի հետ, ու բացառված չէ, որ դրանց համատեղ գործածությունը հանգեցնի առավել արտահայտված կողմնակի ազդեցությունների: Մասնավորապես, թուրինջի հյութը չի կարելի համադրել բարձր խոլեստերինի, զարկերակային ճնշման կամ առիթմիայի դեմ դեղերի հետ:

Լոռամրգի հյութ

Եթե դուք ընդունում եք վարֆարին, որը տարածված հակամակարդիչ է կաթվածի ու թրոմբի կանխարգելման համար, ցանկալի է, որ սննդակարգից հանեք լոռամրգի հյութը, քանի որ այն բացասաբար է ազդում տվյալ դեղորայքի ներգործության վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ լոռամրգի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ ու բաղկացուցիչներ, որոնք բացասաբար են ազդում վարֆարինի մետաբոլիզմի ու դրա հակամակարդիչ հատկությունների վրա:

Խնձորի հյութ

Մինչև վերջերս հետազոտողները կարծում էին, թե միայն թուրինջի հյութը կարող է խանգարել դեղերի ներգործությանը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ խնձորի հյութը բացասաբար է ազդում որոշ դեղորայքի ու հատկապես վարֆարինի աբսորբցիայի վրա: Քիմիաթերապիա անցնողները և հիպերտոնիայի դեմ դեղեր ընդունողները պետք է խուսափեն թե՛ թուրինջի, թե՛ խնձորի հյութից:

Արքայախնձորի հյութ

Հակամակարդիչներ խմելու դեպքում պետք է հրաժարվել արքայախնձորի հյութից: Այն պարունակում է բրոմելայն անունով բաղադրիչ, որն ազդում է դեղի հակամակարդիչ ազդեցության վրա: Բրոմելայնը նաև հայտնի է հակաբիոտիկների ու բենզոդիազեպինների ազդեցությամբ հանգստացնող դեղերի հետ ռեակցիայի մեջ մտնելու իր հատակությունով: Եթե բուժվում եք բակտերիալ ինֆեկցիայի դեմ կամ դեպրեսիայի դեմ դեղեր եք ընդունում, արքայախնձորի հյութ մի՛ խմեք:

Նարնջի հյութ

Նարնջի հյութը աշխարհում ամենասիրված հյութերից է, բայց պետք չէ կարծել, թե այն լիովին անվնաս է դեղեր ընդունելիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցիտրուսային հյութերը կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը: Օրինակ՝ նարնջի հյութը զգալիորեն նվազեցնում է բետա-պաշարիչների արդյունավետությունը:

Այսպիսով, ավելի ճիշտ է ցանկացած դեղ խմել ջրով, իսկ մրգային հյութերը խմել ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել