Գավառական, անճաշակ, ռաբիզ մշակույթը պետական մակարդակով հովանավորություն ունի: Այս հաղորդումը դրա լավագույն վկայությունն է: Հանրային հեռուստատեսությամբ գովազդվում է քյաբաբային, ռեստորանային երաժշտությունը:
Այո՛, գրեթե բոլորս էլ հարսանիքներին լսում ենք սա, պարում, ուրախանում այս հնչյունների ներքո. ոչ մեկս չի ժխտում դա, բայց այս ամենը եթեր հանել, դրանով ճաշակ թելադրելն ուղղակի անթույլատրելի է:
Միանգամից երևում է, որ մեր երկրում իշխում են գավառական բարքեր, խրախոսվում է ցածր ճաշակը, փայլերի տակ քողարկված գեղցիությունը:
Չնայած ուրիշ բան սպասելի էլ չէ. մշակութային քյաբաբամայր նախարարուհու, խորովածակուլ, ճարպակոլոլ պատգամավորների ու ղեկավարների օրոք, բնականաբար, պետք է ծաղկում ապրի նրանց սրտին ու հոգուն հարազատ մշակույթը:
Իսկ նրանց Լուկուլլոսյան ճաշկերույթները «ծաղկեցնող» Սպիտակցի Հայկոն եթերից խորհուրդներ է տալիս՝ ինչպես ավելի լալահառաչ կլկլացնել, որպեսզի քյաբաբի հաստաբեստ շերտերը ավելի նազանքով լափվեն:
Սա Հանրային հեռուստատեսության սև էջերից մեկն է, որն անանց բծի պես կմնա այս հաղորդման մտահղացողների և իրագործողների կենսագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել