բացել լրահոսը
24.09.2016  14:46

Թուրքական դպրոցի ապօրինի կառուցումը Վրաստանում ևս տարածքային ամբողջականության խախտում է

Alik Eroyants

Картинки по запросу ալիկ երոյանցԱյն, որ Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ հաջողությունների են հասել Վրաստանում իրենց ազդեցությունն ուժգնացնելու գործում, կասկած չկա: Վրաստանի իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական նշված քաղաքականությունը լռությամբ տանելու պատճառները ևս հայտնի են՝ թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, տնտեսական գործոններով պայմանավորված: Կախվածությունը, որում հայտնվել է Վրաստանը հիշյալ գործոնների համատեքստում, գուցե կարելի էր որոշակի տրամաբանական բացատրությամբ մեկնաբանել, սակայն վերջին օրերին վրացական Աջարիայում տեղի ունեցածը, թերևս, զուրկ է այդպիսի տրամաբանությունից, քանզի վրացական շահի նշույլ անգամ այդ պարագայում չի նշմարվում: Բաթումիում թուրքական դպրոցի բացումը, որ տեղի էր ունեցել Թուրքիայի կրթության և գիտության նախարարի և այդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ, խոսում է այն մասին, որ թուրքերը բացահայտ հավակնություններ են ներկայացնում Աջարիայի նկատմամբ: Գուցե այո, Թուրքիան դպրոցներ է հիմնել և հիմնում տարբեր երկրներում, այդ թվում նաև, այսպես կոչված, «Գյուլենական», բայց խնդիրն այս դեպքում լիովին այլ համատեքստում է:

Պարզվում է՝ թուրքական այդ դպրոցը, որտեղ մոտ 170 աշակերտ է սովորելու, կառուցվել է առանց օրինական թույլտվության: Բաթումիի իշխանությունները բազմիցս մերժել են դպրոցի կառուցապատման թույլտվություն տրամադրել կառուցապատողներին, սակայն, տվյալ հանգամանքն անտեսվելով, դպրոցն, այդուհանդերձ, կառուցվել է: Հայտնի է դարձել նաև, որ կառուցապատողը մի քանի անգամ տուգանվել է մի քանի հազար լարիով:

Նշված բոլոր փաստերն, ի դեպ, հաստատել է թուրք հյուպատոսը, որը պնդել է, թե դպրոցի բացումը պաշտոնական չի եղել, և պաշտոնական բացմանը հրավիրված կլինեն նաև Վրաստանի համապատասխան մարմնի պաշտոնական ներկայացուցիչները: Իսկ ապօրինի կառուցապատման հետ կապված հյուպատոսը նշել է, որ այդ հարցերը իշխանությունների հետ քննարկման փուլում են:

Ինչ վերաբերում է վրաց հանրության տրամադրություններին, հստակ կարելի է ասել, որ դրանք բացասական են, և առաջին դեպքը չէ, երբ մասնավորապես Բաթումիում թուրքական նման դրսևորումների դեմ իր խիստ վրդովմունքն է արտահայտում Աջարիայի վրացական համայնքը: Վրասատնի կրթության և գիտության նախարարի պարզաբանմամբ՝ իրենք տեղյակ չեն եղել դպրոցի կառուցման հարցերին, և այդ փաստը դատապարտելի է: Այնուհետև եղել է մեկ այլ պարզաբանում, ըստ որի՝ նշված դպրոցում սկզբնական փուլում սովորելու են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող երեխաներ, մինչև այն ստանա օրինական կարգավիճակ:

Հավելենք նաև, որ թուրքական այդ դպրոցում դասավանդման գործընթացն ամբողջությամբ թուրքերեն լեզվով է իրականացվելու, հովանավորվելու է թուրքական կառավարության կողմից և ենթարկվելու է Թուրքիայի ԿԳՆ-ին, բոլոր ուսումնական ծրագրերը համապատասխանելու են Թուրքիայում գործող դպրոցների ծրագրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 407 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝