Картинки по запросу ընտրություններՀայաստանյան քաղաքական դաշտում ընթացող փոփոխությունների ֆոնին յուրահատուկ աշխուժություն է տիրում հատկապես կադրային հարցերում: Իշխանությունների մոտ մի տեսակ տենդենց է նկատվում, ըստ որի՝ փորձում են ազատվել ժողովրդի մոտ ատելություն առաջացնող օդիոզ և հանցագրոծ կերպարներից, որոնց պակասը բավականին մեծ է նաև ՏԻՄ համակարգում:

Նախընտրական կրքերը հատկապես սրված և շիկացած են որոշ համայնքներում: Լոռու մարզում քաղաքական կենտրոնացվածությունը Վանաձորի քաղաքապետի ընտրությունների վրա է, որտեղ պայքարում են քաղաքական ութ ուժ: Վանաձորում հետաքրքիր տենդենց նկատվեց հատկապես այն առումով, որ գործող քաղաքապետ Դարբինյանին, ով նաև ՀՀԿ անդամ էր, հարազատ կուսակցությունը չսատարեց` առաջադրելով քաղաքի գլխավոր նոտարին: Դարբինյանի անվան շուրջ խոսակցություններն արդեն լեգենդների են հասնում: Սակայն պետք է նշել, որ մարզի այլ համայնքներում ևս բավականին լուրջ մրցապայքար է ընթանալու:

Հանրապետության մեծ համայնքներից մեկը հանդիսացող իմ հայրենի Օձունում առաջադրված երեք թեկնածուներից երկուսը նույնպես ՀՀԿ անդամ են: Օձունյան ինտրիգը հիմնականում գործող գյուղապետի և նախկին գյուղապետի որդու միջև սպասելիք պայքարն է (ի դեպ, հետաքրքիրն ու տարօրինակն այն է, որ որպես կանոն՝ հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ողջ նախըտրական պայքարում հասարակությունը մասնատվում է, բաժանվում և միմյանց հանդեպ թշնամանքով լցվում):

Այգեհատ համայնքում ուղղակի զավեշտալի իրավիճակ է. 243 ընտրող ունեցող համայնքում պայքարում են հինգ թեկնածու, բոլորն էլ Շահվերդյան ազգանուններով․ ի դեպ, երկուսը նորից իշխող կուսակցությունից են:

Մեկ այլ գյուղում` Շնողում նույնպես առաջադրվել են հինգ թեկնածու. պետք է նշեմ, որ հենց այս համայնքում էլ, տեղացիների բնորոշմամբ, լինելու է ամենադաժան ու լարված պայքարը:

Նշված ցանկը կարելի է ներկայացնել բավականին երկար, քանի որ մոտավորապես նույն պատկերն է տիրում գրեթե բոլոր մարզերում: Սակայն հետաքրքիրն այն է, որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, թե, դառնալով համայնքի ղեկավար, ամեն կերպ մոտ են լինելու պետական միջոցների մսխման գործընթացին: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր թեկնածու փորձում է հնարավոր ամեն միջոց ու լծակ օգտագործել, որպեսզի պահպանի իր աթոռը կամ, ի վերջո, հասնի ցանկալի բազմոցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել