Image result for կառավարությունՀայաստանում գործադիր համակարգի պաշտոններում նշանակումները բացահայտում են տվյալ ժամանակահատվածի գործադիր մարմնի ղեկավարի կադրային նախապատվությունները: Բոլոր երեք նախագահները փորձում էին իրենց քաղաքական թիմի շարքերը համալրել համակարգի ներսի կադրերով: Ամենամեծ խումբը նախկին քաղաքացիական և պետական ծառայողներն էին, որոնք կազմել են նոր նշանակված բոլոր նախարարների 53.3 %-ից 40.8 %-ը և մարզպետների մեկ երրորդը:

1995թ.-ին՝ տարածքային կառավարման նոր համակարգի ներդրումից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը մարզպետների պաշտոնների կեսի դեպքում նշանակել էր պատգամավորներին (հիմնականում միևնույն մարզի ներկայացուցիչների): Այս սկզբունքով նշանակումների թիվը կիսով չափ նվազեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Այլ, ընտրված պաշտոնյաներ, այդ թվում` քաղաքապետներ, նույնպես նշանակվեցին մարզպետի պաշտոնում: Թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը մարզպետի պաշտոնում նշանակումներ կատարելիս նախապատվությունը տալիս էին ուժային կառույցների սպաներին։

Քաղաքական համակարգից դուրս կատարված նշանակումներում ներկայացված էին նաև մտավորականներ և գործարարներ: Այս երկու խմբերը գրեթե համամասնորեն ներկայացված են եղել/կան գործադիր իշխանության բոլոր «թիմերում»` Լևոն Տեր-Պետրոսյան (29.9 %), Ռոբերտ Քոչարյան` (18.3 %) և Սերժ Սարգսյան` (23.4 %): Այդ խմբերից մարզպետները հիմնականում նշանակվել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում: Սա նշանակալի միտում չէ, և դժվար է գնահատել` արդյոք Ս. Սարգսյանը կարևորե՞լ է արտաքին կադրերի ներգրավումը, թե՞ այս երկու նշանակումները պայմանավորված են եղել այլ գործոններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել