Image result for պատերազմԼայնածավալ պատերազմը Ղարաբաղում Բաքվի համար տնտեսապես կործանարար է

Ադրբեջանը մոտակա ժամանակներս նախատեսում է ուղարկել առաջին երկու վագոնները 90 տոննա նավթային դիստիլյատով Հարավ-Արևմուտք միջանցքով:
Շուտով Աստարա կայարանից Բաթում են ուղարկվելու նավթային դիստիլյատով վագոնները, որոնք Աստարայի անցագրային կետ են հասել Իրանից, բեռնատարների օգնությամբ: Բաթումիից այդ բեռը Սև ծովով հասցվելու է վերջնական սպառողին: Ադրբեջանը, ՀՀ-ից իրանական բեռները դեպի իր ենթակառուցվածքներն ուղղելու ռազմավարությունից ելնելով, ակտիվացնում է Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով տրանսպորտային միջանցքը, որը հետագայում կունենա ավելի մեծ թողունակություն ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգծային կապի ու Բաքու-Թբիլիսի-Կարսի գործարկումից հետո: Ադրբեջանը կապելու է Ծոցի երկրները՝ արաբական հարուստ միապետությունները, ինչպես նաև Իրանը ՌԴ-ի, Հարավային Կովկասի ու հետագայում նաև սևծովյան երկրների հետ՝ վրացական Բաթում ու Փոթի նավահանգիստներով:
Մինչ այդ՝ Աստանայում Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները քննարկել են երեք երկրների տարածքով նավթամթերքների, ցորենի, մետաղների տեղափոխության համար նպաստավոր սակագների սահմանումը: Ադրբեջանը փորձում է դառնալ տարանցիկ միջանցք նաև Ղազախստանի ու Թուրքմենստանի համար՝ լաստանավային կապով կապելով այդ երկրների Բաքվի միջազգային նավահանգստին, որտեղից էլ երկաթգծի մի ճյուղը տանելու է դեպի Վրաստան, Թուրքիա, Սև ծով, իսկ Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո՝ հաջորդ տարի, արդեն նաև՝ դեպի Իրան, Իրաք ու Ծոցի երկրներ:
Ադրբեջանը վերածվում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ տրանսպորտային խաչմերուկի, ինչն ազդելու է թե՛ նրա տնտեսական, ռազմական ներուժի վրա, թե՛ աշխարհաքաղաքական դիրքի՝ կարևորվելով Մոսկվայի, Թեհրանի, Պեկինի, Անկարայի, Թբիլիսիի, ինչպես նաև գլոբալ Արևմուտքի համար, քանի որ Արևմուտքի համար Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքն ունի գեոքաղաքական նշանականություն:
Բաքուն այս պարագայում երկար է մտածելու մինչ Ղարաբաղում լայնածավալ պատերազմ սկսելը, քանի որ, հաշվի առնելով ՀՀ-ԼՂՀ զինված ուժերի տրամադրության տակ գտնվող ու անկախությանը նվիրված զորահանդեսին ցուցադրված զենքերի հրթիռային հնարավորությունները, Ադրբեջանը դրսի հետ կապող ցանկացած լոգիստիկա՝ երկաթգիծ, ավտոմայրուղի, նավթագազատար կարող է շարքից հանվել՝ թե՛ Վրաստան-Ադրբեջան, թե՛ Իրան-Ադրբեջան, Ադրբեջան-ՌԴ երկաթգծերի ու ճանապարհների հատվածները. իհարկե, դրանց ադրբեջանական հատվածները:
Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել իր միակողմանի նավթային կախվածությունը՝ հարյուրմիլիոնավոր դոլարներ ներդնելով ենթակառուցվածքների արդիականացման մեջ Կովկասում լոգիստիկ կարևոր կենտրոն դառնալու համար: Իսկ լայնածավալ պատերազմը՝ գերճշգրիտ զենքերի կիրառմամբ, այդ միլիարդավոր դոլարները կզրոյացնի ու Ադրբեջանը կդարձնի ոչ թե տրանսպորտային-էներգետիկ, տարանցիկ միջանցք, այլ մի երկիր, որի տարածքով չի կարող անցնել ոչ մի բեռնատար, ոչ մի գնացք. միջազգային հոսքերը Չինաստանից, Արևմուտքից, Իրանից ու ՌԴ-ից այլևս չեն անցնելու պերմանենտ պատերազմի մեջ գտնվող ու հարվածների վտանգի առջև կանգնած երկրի տարածքով: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է ու Ղարաբաղում ընտրել է ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ հյուծիչ պատերազմի մարտավարություն՝ դիվերսիոն հարձակումներ՝ անօդաչուների ու այլ տեխնիկայի կիրառմամբ, դիպուկահարների պատերազմ, խաղաղ բնակչության հրետակոծում այդ շրջանները հայաթափելու համար. ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն է:
Ստեղծել ապրելու համար ոչ պիտանի, անընդհատ հարված ստանալու մթնոլորտ ու ստիպել արտագաղթել, միլիարդավոր դոլարների զենքերի գնումն էլ նախատեսված է գումարներ լվանալու ու յուրացնելու, սեփական հասարակությունը ցուցադրելու, ինչպես նաև ՀՀ-ԼՂՀ սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշելու համար, սոցիալական ու այլ նպատակների համար նախատեսված գումարները զենքերին ուղղելու ու տնտեսապես հյուծելու նպատակով: Ադրբեջանի համար Ղարաբաղում լայնածավալ պատերազմը տնտեսապես շահավետ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել