Կարծում եմ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ը պետք է ընկալվի և նշվի որպես Հայաստանի Անկախության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ տոն, քանի որ անհերքելի փաստ է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել դեռևս 1918-ի մայիսի 28-ին: «Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ երկու և կես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Այն ընկավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հանցավոր գործարքի հետևանքով» (մեջբերումը՝ հայկական Վիքիպեդիայից)։ Ուրեմն, արդյոք տրամաբանակա՞ն է Հայաստանում միաժամանակ ունենալ և՛ Հանրապետության տոն (28-ը մայիսի), և՛ Անկախության տոն (21-ը սեպտեմբերի): Ի դեպ, հարևան Վրաստանում այդ առումով շատ ավելի պարզ և ռացիոնալ է. կա միայն 1918-ի մայիսի 26-ի պետական տոնը, որն այդպես էլ անվանվում է՝ Վրաստանի Անկախության տոն և վերջ:

Եկեք մեկ անգամ ևս ուշադիր կարդանք այն հարցադրումը, որը հստակ դրված է եղել 1991-ի հանրաքվեում. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը եղել էր, կար, ուղղակի այն ստիպողաբար հայտնվել էր մեզ համար ոչ ցանկալի մի իմպերիայի կազմում, որին էլ մենք վճռական «ՈՉ» ասացինք և մերժեցինք 1991-ին՝ կրկին վերագտնելով մեր ազատ ապրելու իրավունքն ու անկախությունը: Սա է եղել Հայաստանի անկախ պետականության վերականգնման խորհուդը 1991-ի սեպտեմբերի 21-ին, և եկեք գոնե այն այլակերպված չթողնենք մեր ապագա սերունդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել