Image result for перемирие в сирииՆախօրեին լրացավ Սիրիայում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա սեպտեմբերի 12-ին հաստատված հրադադարի մեկշաբաթյա փորձաշրջանը, որից հետո պետք է երկարաձգվեր կրակի դադարեցման ռեժիմը, ձևավորվեր ռուս-ամերիկյան ռազմական գործողությունների համակարգման միասնական շտաբը: Մինչդեռ արդեն իսկ հնչող գնահատականներից ու հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հրադադրի այս ռեժիմը ևս տապալվեց. համենայն դեպս, այդ մասին արդեն իսկ հայտարարել են ռուսական և սիրիական կողմերը, որոնք սեպտեմբերի 19-ին սկսել են ավիահարվածներ իրականացնել սիրիական հակակառավարական և ահաբեկչական խմբավորումների դեմ:

Ընդհանուր առմամբ կարելի է թվարկել հրադադրի հերթական ռեժիմի տապալման իրավիճակային մի քանի միջադեպեր ու պատճառներ. նախևառաջ, անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժի կողմից Դեյր էլ-Զորում սիրիական բանակային օբյեկտների հրթիռակոծումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 6 տասնյակ սիրիացի զինծառայող, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ:

Ապա նաև՝ և՛ սիրիական բանակի, և՛ հատկապես հրադադրի ռեժիմին նախնական համաձայնություն տված բազմաթիվ հակակառավարական կառույցների կողմից շարունակվող ռազմագործողությունները. ըստ պաշտոնական Դամասկոսի՝ հրադադարի 7 օրերի ընթացքում ընդդիմադիրներն այն խախտել են ավելի քան 300 անգամ:

Իսկ վերջին, ամենաառարկայական միջադեպը ռուսական կամ սիրիական օդուժի կողմից սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ավտոշարասյան հրթիռակոծումն էր, որի հետևանքով 31 բեռնատարներից առնվազն 18-ը վնասվել են, ինչպես նաև զոհվել է «Կարմիր մահիկի» կազմակերպության 12 աշխատակից, այդ թվում՝ կառույցի սիրիական մասնաճյուղի ղեկավարը:

Իրավիճակային պատճառներից բացի՝ շատ ավելի առարկայական են հրադադարի ռեժիմի հիմնական պատասխանատու գերտերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող տարաձայնություններն ու մրցակցությունը նաև մերձավորարևելյան տարածաշրջանում. ասել է թե՝ տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները փաստաթղթեր էին ընդամենը միջազգային հանրությանը որևէ ջանք, արդյունք ցույց տալու նպատակով, բնականաբար, առանց լուրջ հիմքերի, կողմերի վճռականության ու սկզբունքայնության: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դեռևս առկա են բավականին խորը հակասություններ նաև այլ տարածաշրջաններում առկա միջազգային տարաբնույթ հիմնախնդիրների շրջանակներում, բացի այդ՝ ամերիկյան ներկա վարչակարգը, կարծես թե, խուսափում է ստանձնել և հունվարից Սպիտակ տանը հաստատվելիք նոր իշխանություններին ժառանգել Մոսկվայի հետ ձեռք բերված բավական խնդրահարույց պայմանավորվածություններ, ստանձնած պարտավորություններ, որոնց մանրամասներն այդպես էլ ցայժմ չեն հրապարակվել հենց ամերիկյան կողմի պահանջով:

Ինչևէ, Սիրիայում առկա իրավիճակն, ինչպես նաև ուրվագծվող գործընթացները թույլ են տալիս ենթադրելու, որ Սիրիայում, առնվազն առաջիկա կես տարվա ընթացքում առավել կակտիվանան ռազմագործողությունները, կթեժանա իրավիճակը հատկապես երկրի հյուսիսային շրջաններում՝ հաշվի առնելով նաև թուրքական զինուժի, քրդերի ներգրավվածությունը այստեղ ծավալվող գործընթացներին, քանի որ սիրիական հակամարտության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խաղացողները կփորձեն օգտագործել ստեղծված ժամանակային միջանցքը սեփական դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել