Tert.am-ը գրում է.

Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները  Երևանում վաղը կսկսվեն առավոտյան` Եռաբլուր այցելությունից, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի ՀՀ անկախության համար պայքարած և արցախյան պատերազմում  զոհված ազատամարտիկների շիրիմներին։  Իսկ տոնական միջոցառումը կմեկնարկի զորահանդեսով, որը կսկսվի Հանրապետության հրապարակից:

Այս տարի առաջին անգամ տոնական հիմնական միջոցառումների անցկացումը  դրված է ոչ թե նախագահականի, այլ կառավարության վրա, որի կազմում գործում է Անկախության 25 –ամյակի անցկացման հանձնաժողով: 

Բուն սեպտեմբերի 21-ի պաշտոնական միջոցառումների ցանկը դեռևս չեն հայտնում:

Ինչպես ամեն տարի, այս տարի առավել ևս սեպտեմբերի  21-ին ակնկալվում է պատվավոր կոչումների և մրցանակների շնորհում` մշակույթի, արվեստի և սպորտի գործիչներին: Այս տարվա պարգևատրվողների ցանկը դեռ հայտնի չէ Tert.am –ին:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Գրիգորյանն էլ  Tert.am-ին հայտնեց, որ դրամաշնորհային՝ «Անկախության 25-ամյակ» անվանակարգում հաղթած 7 ՀԿ-ները ծրագիրն այնպես են կազմել, որ հիմնական տոնական միջոցառումները լինեն նաև մարզերում, ու ավելին` դրանք միմյանց հետ բովանդակային առումով փոխկապակցված լինեն:

Դրանցից 2  ծրագրերն ունենալու են գիտաժողովների ձևաչափ. մեկը՝ սեպտեմբերի 21-23-ը կանցկացվի, կենսաբանական խոշոր գիտաժողով է` հայազգի անվանի գիտնականների մասնակցությամբ, մյուս գիտաժողովը` Նարեկագիտության լսումները, անցկացվելու է Մատենադարանում և նվիրված է «Նարեկի» որոշ գլուխների իտալերեն թարգմանություններին:

Մյուս 5 ծրագրերը ֆլեշմոբային հասարակական-ծրագրեր են, որոնք անցկացվելու են Գյումրիում, Գեղարքունիքում, Երևանում և Վայոց ձորում:

«Օրինակ` Գյումրիի կենտրոնում երեխաները և զինծառայողները մասշտաբային եռագույն են կազմելու, հետո այնտեղից լինելու է քայլերթ դեպի Թատերական հրապարակ: Գեղարքունիքում էլ ավելի մասշտաբային իրադարձություն է նախատեսվում, որտեղ նաև երեխաների աշխատանքներ են ցուցադրվելու, լինելու է համերգային ծրագիր, որի ընթացքում  արդեն խոշոր 25 թիվն է կազմվելու»,- ասաց ծրագրերի համակարգողը:

Ծրագրի շրջանակներում հաղթած կազմակերպության ներկայացուցիչները Վայոց ձորում և Հայաստանի մյուս մարզերում տարածելու են 1991 թ. սեպտեմբերի 21-ին լույս տեսած «Հայաստանի Հանրապետություն» թերթի այն օրինակը, որում տպագրված էր Անկախության հռչակագիրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել