Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Հայրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ ու հասարակական գործիչներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մայր եկեղեցի մուտք գործեցին եկեղեցականների թափորի ուղեկցությամբ և իրենց խոնարհումը բերեցին ամպհովանու ներքո ամփոփված հայոց հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքներին: Ապա օրհնելով ներկա հավատավոր ժողովրդին` 14 եպիսկոպոսների ուղեկցությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը բարձրացան Սուրբ Խորան, ուր սկսվեց Հանրապետական մաղթանք` Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության  և նրա ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար:

Արարողության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը և Արամ Ա Կաթողիկոսը ծնրադիր ընթերցեցին «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով, որ Աստված իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը և համայն հայոց ազգը:

Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց օրհնությունն ու պատգամը հղեցին համայն հայ ժողովրդին:

Ներկայացնում ենք կաթողիկոսի խոսքը հանրապետական մաղթանքի ընթացքում.

«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Սիրեցյալ եղբայր, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո,

Հոգևոր հայրեր, հարգելի պետական այրեր,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի նվիրական առիթով ողջունում և Մեր շնորհավորանքներն ենք բերում ձեզ և հավատացյալ համայն մեր ժողովրդին: Այսօր սրբազան այս կամարների ներքո ձեզ հետ միասին գոհաբանական աղոթք բարձրացրեցինք առ Աստված հայրենի մեր երկրի խաղաղության ու բարօրության համար: Մեր երախտագիտությունը հայտնեցինք Երկնավորին, որ ազատ կյանքի պարգևն է շնորհել մեզ: «Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, յաղագս ամենայնի, Տէ՛ր, փառք Քեզ» (Ժամագիրք):

Մեր ժողովուրդը երկար է մաքառել հայրենի հողում անկախ պետականության վերականգնման համար: Այսօր ունենք 25- ամյա նորատունկ մեր հանրապետությունը, որը հույսերի մարմնացումը, սերն ու հպարտությունն է մեր ժողովրդի: Երիտասարդ է մեր պետությունը, բայց նաև կայացած է այնքան, որպեսզի կարողանա իրականության առաջնորդել մեր ժողովրդի ձգտումները, ազգային զարթոնքի տեսիլքները:

Պետականության կայացման ճանապարհը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հեշտ չտրվեց մեզ: Մեր ժողովուրդը դիմագրավեց բազում դժվարությունների ու նեղությունների, մինչ օրս շարունակվող շրջափակմանը, Արցախի ազատագրության պայքարում մեզ պարտադրված պատերազմին, ներքաղաքական կյանքի ցնցումներին: Ամենածանր իրավիճակներում, մեր պետականությանը սպառնացող բոլոր վտանգների ու փորձությունների առջև հաղթանակող եղան առ հայրենին մեր ժողովրդի անմնացորդ սերն ու նվիրումը, իր ազատ, նոր կյանքը կերտելու տեսիլքը: Փառք Քեզ, Տեր, որ մեր սիրտը լցրեցիր Քո ամենաբավական ողորմության լիությունից և արժանի դարձրեցիր վերակերտելու անկախ մեր պետականությունը: Փառք Քեզ, Տեր, որ անհաղթահարելի թվացող փորձությունների մեջ Քո Սուրբ Անվանը ապավինած մեր ժողովուրդը հերոսաբար պայքարեց ու ամրացրեց հիմերը մեր պետության, շարունակեց ապրել ու բարին արարել և իր արդար իրավունքները պաշտպանել:

Այսօր հպարտ ենք անկախ պետականության ձեռքբերումներով, մեր քաջարի բանակով ու անմահ հերոսներով, անկախության արժեքը իրենց հոգիներում կրող մեր նոր, լուսամիտ սերնդով: Այսօր թոթափած անաստվածության լուծը՝ զորանում է և հոգևոր կյանքը մեր ժողովրդի: Կառուցվում ու շենանում են մեր սրբատեղիները, քրիստոնյա կրթվում մեր զավակները: Հայրենի անկախ պետականությունը աշխարհասփյուռ մեր ժողովրդին հնարավորություն է ընձեռել դրսևորելու իր միասնականությունը, հայրենաշեն ծրագրերի և ազգային իղձերի շուրջ համախմբվելու ներուժը: Բոլոր ժամանակներում, բայց մանավանդ անկախության տարիներին, սփյուռքի սիրտը ջերմորեն բաբախել է հայրենիքի համար, որի վկայությունն են աշխարհի չորս ծագերում ապրող մեր զավակների հայրենանպաստ բազում գործերը: Մեր պետությունը, արդարև, ամուր հենարան է համազգային մեր իղձերի իրագործման, Արցախում մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու մեր արդար դատի հաղթանակի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել