Այո՛, բարեկամնե՛ր, ինչ չէինք տեսել, հիմա դա էլ տեսանք: Երեսից դեռ երեկոյան շպարը չմաքրած թիթիզիկներն սկսեցին քննարկել զորավարժության տեղին կամ անտեղին լինելը:

Թե բա՝ ի՞նչ զորավարժություն, ի՞նչ եք ցանկանում ցույց տալ, ամեն բան պարզ է մեր բանակի մասին, հերիք է խաբեք, հերիք է մեզ խցանումների մեջ տանջեք: Բայց, երբ հասարակ արևային մի օր , Կոմիտասի փողոցում ինչ-որ մեկի Բռաբուսը մխրճվում է ինչ-որ մեկի տաքսու մեջ ու երկու օր խցանման պատճառ է դառնում, մեր հարգելի թիթիզիկները կյանքում դրա դեմ ոչ մի բառ չեն խոսա, նույնիսկ վախից չեն էլ մտածի դրա մասին:

Հիմա մի քանի պարզ բաներով լուսավորեմ ձեզ: Պարզն այն է, որ Ռոբերտ Աբաջյանը ձեր աշխատանքի գնալու համար իրեն տրաքացրեց դիրքերում՝ հետը թշնամու մի քանի զինվոր տանելով: Պարզն այն է, որ մեր Ադամը դիրքի հրամանատարությունն իր վրա վերցրեց ու ամբողջ դիրքով մնացին մինչև վերջ, դիրքը չհանձնեցին, զոհվեցին, որ դու երեկոյան գնաս հերթական բոյֆռենդիդ հետ հանդիպման: Պարզն այն է, որ դուք հաստատ կապիտան Արմենակ Ուրֆանյանի չափ չեք տիրապետում բանակի մասին տեղեկություններին, բայց շտապում եք անուն կպցնել , իսկ հրամանատար Ուրֆանյանը դիրքի զինվորների կյանքը փրկելու համար գնաց թշնամու հատուկ ջոկատայիններին ընդառաջ՝ առանց մտածելու բանակի խնդիրների մասին: Թե՞ ցանկանում եք ասել, որ մայոր Մալոյանից շատ եք տեղյակ ու իրենից շատ եք մտածում բանակի զինվորի կյանքի մասին, երբ Մալոյանը 4 հոգով, ինքնակամ դուրս եկավ 150 հոգանոց թշնամու զորքի դեմ ու առանց կորուստ տալու դիրքը հետ բերեց: Տեղյա՞կ եք՝ մենք դիրքեր ենք ունեցել, որ ամբողջ ապրիլ ամսվա մեջ ոչ մի զոհ չեն տվել, բա դրա մասին ինչու՞ ձայն չեք անում: Երևի նաև ՀՀ-ում ծառայություն իրականացնող զինվորներից լավ եք հասկանում բանակից ու պատերազմից, քանի որ ձեր փիլիսոփայությունների փոխարեն իրենք նոր խրամատներ էին փորում թշնամու արկերի տակ:

Դուք, որ ձեր բոյֆռենդների հետ կապված խնդիրները չեք կարողանում պատվով լուծեք, բողոքում եք զորահանդեսից: Իսկ զինվորին հարցրե՞լ եք՝ նա զորահանդես ցանկանում է, թե՞ ոչ... Իսկ տեղյա՞կ եք, թե ծառայության մեջ գտնվող զինվորը այդ զորահանդեսը դիտելուց ինչ է զգում: Իհարկե, տեղյակ չեք, քանի որ ձեր ամենամեծ խնդիրն այս օրերի խցանումն է, որ խոսալու թեմա եք գտել, պետք է քթներդ խոթեք մեջը:

Ընդհանրապես զենքերից ու դրանց նշանակությունից տեղյա՞կ եք: Գիտե՞ք՝ զենքը երբ կարելի է օգտագործել, զենքը որտեղ կարելի է տեղափոխել ու էլի լիքը այդպիսի մանր-մունր հարցերի տիրապետու՞մ եք:

Պատերազմ է՝ առանց կանոնների ու պարտավորությունների: Եթե վրադ կրակում են Սմերչով, պարտադիր չի պատասխանես Սմերչով, պետք է գործես այդ պահի թելադրանքով: Չնայած մենք էլ օգտագործել ենք Սմերչներ, իսկ թշնամու կրակոցների մասին առանձին կգրեմ, նկարներով ցույց կտամ ձեր իմացած Ադրբեջանի բանակի կրակոցները:

Հարգելի՛ թիթիզիկներ, գնացեք ձեր փաբը, խմեք ձեր գարեջուրը, զբաղվեք ձեր առօրյա գործերով, բայց առանց ճշտումների, կողքից լսած տեղեկություններով մի՛ փիլիսոփայեք, դա ձեր մոտ ամենավատն է ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել