Ինչ է «գրաֆիտին»

Գրաֆիտի («գրաֆիտո» լատիներեն նշանակում է «քերթել»)․ այս բառով բնորոշվել է մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։ 

Այսօրվա գրաֆիտին ստեղծվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ։ Փողոցային հանցագործ միավորումները, սեփական միավորման անունը պատերին գրելով, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ, ըստ իրենց դրված օրենքների, պետք է գործեն իրենք՝ այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ համատեղ քաղաքի բաժանման համար։ Իհարկե, այս առանձնահատման ձևը նաև օգնել է օրինապահ ուժերին հանցագործների դեմ պայքարի մեջ, և Գրաֆիտին դարձել է նշվելու ոչ օգտակար ձև հանցագործների համար։ Այն հետզհետե դարձել է վանդալիզմի նման երևույթ, բայց իր զարգացման ընթացքում ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից նայվելով՝ դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։

Ով է գրաֆիտի նկարողը

Գրաֆիտի նկարողներին անվանում են «ռայթեռներ»( անգլերեն՝ writer), որը նշանակում է գրող։ Քանի որ գրաֆիտին հիմնականում լինում է ինչ-որ բառի տեսքով, ապա նկարչին էլ անվանում են գրող։

Գրաֆիտին Հայաստանում

Ասում են` գրաֆիտին հոգեհարազատ չէ հայերին, քանի որ մեր երկրում նախընտրում են նկարել կտավի վրա: Սակայն, ի հեճուկս այս կարծիքի՝ ինքնադրսևորման ու մտքերի արտահայտման այս ձևն սկսել է հաստատուն քայլերով զարգանալ մեր երկրում: Հայ երիտասարդները շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում են իրեն հուզող հարցերին:

Հայ մեծերը Երևանի պատերին

Երևի թե չկա մեկը, ով Երևանով զբոսնելիս նկատած չլինի պատերից իրեն ժպտացող Պարույր Սևակին, Եղիշե Չարենցին, մի քիչ խոժոռ ու մտահոգ հայացքով Սոս Սարգսյանին ու Մհեր Մկրտչյանին: Եթե նկատել եք, ապա գոնե մեկ անգամ Ձեզ հարց տված կլինեք` ով է այս գեղեցիկ պատկերների հեղինակը, ով է այդ երիտասարդը, որ այսքան հրաշալի կարողանում է  համադրել ազգային արժեքներն ու ժամանակակից փողոցային արվեստը:

Այս պատկերների հեղինակը 22-ամյա Ռոբերտ Նիկողոսյանն է՝ հայ երիտասարդ գրաֆիթի ռայթեր: Ռոբերտը մասնագիտությամբ  նկարիչ է։ 2014 թվականին ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը և համարվում է գրաֆիկ նկարիչ: Նկարել սկսել է 6 տարեկանից: Հատկապես սիրել է դիմանկարներ անել: Ակադեմիայում ուսանելու տարիներին երազանքներից մեկն է եղել մեծ  դիմանկարներ անելը, որն էլ կյանքի է կոչել քաղաքի պատերին հայ մեծերի դիմանկարները նկարելու միջոցով:

Ինչո՞վ է նկարում Ռոբերտը և ինչո՞ւ միայն պատերին

Նկարելու սկզբնական շրջանում Ռոբերտը նկարում էր տարբեր ներկերով, իսկ հիմա՝ միայն շատ որակյալ աերոզոլ սփրեյներով: Նա  ընտրել է գրաֆիտի նկարչության սփրեյ-արտ ուղղությունը: «Իսկ ինչո՞ւ միայն պատերին, այլ ոչ գնացքների վագոնների վրա, մետրոյում, գետնանցումներում» հարցին Ռոբերտը բավականին հետաքրքիր պատասխան տվեց․ «Գրաֆիտին հաճախ անվանում են վանդալիստական ակտ, քանի որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը՝ նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը»: Իսկ քանի որ իր ընտրած դիմանկարները վանդալիզմի հետ ընդհանուր ոչինչ չունեն, բողոք չեն արտահայտում, ունեն միայն ուսուցողական բնույթ, հետևաբար չեն կարող լինեն այնպիսի վայրերում, որտեղ կխախտեն տարածքի կամ շենքի ընդհանուր տեսքը:

Խնդիրներ ոստիկանության և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ

Ռոբերտը միայն վերջերս է սկսել քաղաքի կենտրոնական հատվածներում նկարել: Մինչ այդ ընտրում էր քաղաքի ծայրամասերը և ոչ մարդաշատ վայրերը: Ինքնազարգանալու խնդիր կար: Նա շատ պատասխանատու է մոտենում իր արվեստին և քաղաքի տեսքին ու չէր կարող սկզբնական շրջանի աշխատանքները  քաղաքի կենտրոնում անել: Քաղաքի ծայրամասերում արված դիմանկարների լուսանկարները մեծ հավանության էին արժանանում Ֆեյսբուքում, և Ռոբերտը հասկացավ, որ արդեն պատրաստ է ավելի մարդաշատ վայրերում նկարելուն:

Ոստիկանության և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ խնդիրներ շատ են եղել, շատ հաճախ նրան թույլ չեն տվել նկարել իր ընտրած պատի վրա, բայց այժմ բոլոր այդ խնդիրները լուծված են, և փոխըմբռնման մթնոլորտ է նկարչի ու պատկան մարմինների միջև: 

Հոբբի՞, թե՞ գումար վաստակելու միջոց

Գրաֆիտին Ռոբերտի համար և՛ հոբբի է, և՛ գումար վաստակելու միջոց: Նրա համար շատ կարևոր է, որ իր ընտրած մասնագիտությամբ կարողանա գումար վաստակել: Չնայած, ըստ վերջինիս՝  «պատվերով նկարել» հասկացությունը շատ հաճախ կաշկանդում է նկարիչների մտքի ազատությունը և սահմանների մեջ դնում:

Հոկտեմբերի 2-ին կկայանա Ռոբերտ Նիկողոսյանի  առաջին ցուցահանդեսը, որը կրելու է «ԲազմաԴիմագծեր» խորագիրը:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել