Tert.am-ը գրում է․

Euronews լրատվական գործակալության թղթակից Վալերի Գորյան Insiders հաղորդման շրջանակում ուշագրավ ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հիմնվելով տարածաշրջան կատարած այցի և այնտեղ վերցրած բազմաթիվ հարցազրույցների վրա: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Euronews-ի թղթակցի ռեպորտաժի ամենահետաքրքիր հատվածները:

 

Լրագրողական անդրադարձն սկսվում է հեղինակի՝ դեպի ԼՂ մարտական դիրքեր կատարած այցով ու սահմանապահ հայ զինվորների հետ հանդիպմամբ: ԼՂ սահմանային դիրքերի նկարահանմանը զուգընթաց Գորյան հակիճ ներկայացնում է տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած և դեռևս իր հանգուցալուծումը չստացած արյունալի հակամարտության պատմությունը:

«1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հակառակորդն անընդհատ մեզ սադրում է, և ապրիլին էլ նրանք նորից առաջինն սկսեցին: Այժմ մենք որևէ երաշխիքներ չունենք առ այն, որ նույնը չի կրկնվի: Բայցևայնպես, հիմա ամեն ավելի լավ ենք պատրաստված ու գործողությունների վերսկսման դեպքում հզոր հակահարված կտանք»,- թղթակցի հետ զրույցում նշել է հայ զինվորներից մեկը:
 

Գորյան պատմում է նաև ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով ամբողջությամբ ավերված Թալիշ գյուղի մասին՝ ներկայացնելով առանձին հարցազրույց Քառօրյա պատերազմի հետևանքով տնից զրկված թալիշցի Գարիկ Օհանյանի հետ:
 

Հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո Euronews-ի թղթակիցը մեկնում է Ադրբեջան՝ սահմանամեձ Թերթր բնակավայրը։ Գորյան նկատում է, որ 2 երկրների միջև խզված հարաբերությունների պատճառով իրենք ստիպված են Թալիշից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գրնվող ադրբեջանական բնակավայր հասնել՝ նորից վերադառնալով Երևան, այնուհետև մեկնելով Վրաստան, իսկ այնտեղից՝ Ադրբեջան:


Խոսելով հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերակատարության մասին՝ Գորյան նշում է, որ հիմնախնդրի խաղաղ լուծման տարբերակներ կան, սակայն, ըստ համանախագահների, համակարտությունում ներգրավված կողմերը բավականաչափ քաղաքական կամք չեն դրսևորում: Հեղինակը ներկայացնում է տարբերակներից մեկը, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի գրավյալ տարածքների մասն ու դրա դիմաց ԼՂ-ին կտրվի հատուկ կարգավիճակ:


Այնուհետև հեղինակը կրկին վերադառնում է Ղարաբաղ՝ այս անգամ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնյաին Ղարաբաղի տնտեսության զարգացման հարցը: Գորյան նկատում է, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում շատ դժվար է գրավել արտասահմանյան ներդրողներին: Ուստի՝ ԼՂ արտադրողներն ստիպված են համագործակցել հայկական կողմի հետ սեփական արտադրանքն անարգելք արտահանելու համար:

Որպես վերջաբան Գորյան  ընդգծում է, որ հակամարտության վերսկսման դեպքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը բացասաբար կարդրադառնա նաև Եվրոպայի վրա ու կարող է նույնիսկ ավելի հեռուն գնալ:

Հեղինակը հավելում է, որ հակամարտությունը կարող է ողբերգական զարգացում ունենալ, եթե հանկարծ հարևան պետություններ Թուրքիան, Իրանն ու Վրաստանը որոշեն ներգրավվել դրա կարգավորման գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել